«Լավագույն գիրքը ներդրումների մասին». Ուորեն Բաֆեթի սիրելի գիրքը 75 տարեկան է

Վերջին լուրերը
«Լավագույն գիրքը ներդրումների մասին». Ուորեն Բաֆեթի սիրելի գիրքը 75 տարեկան է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երբ խնդրում են խորհուրդ տալ մեկ գիրք ներդրումների մասին, պատասխանը միանշանակ է՝ Բենջամին Գրեհեմի հեղինակավոր «The Intelligent Investor»-ը։ Եթե ներդրումների աշխարհը համեմատենք խոհանոցի հետ, ապա սա այն բաղադրատոմսերի գիրքն է, որը Ձեր տատիկը կպահեր իր ամենաթանկ գանձերի հետ։

Ֆինանսական վերլուծության և ներդրումների հանճարի այս դասական գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1949 թվականին․ այն ժամանակ, երբ բաժնետոմսերի գները դեռ մատիտով էին գրում, իսկ համացանցը մարդկանց անգամ երազում չէր հանդիպում։

Ուորեն Բաֆեթը Գրեհեմի նշանավոր ուսանողներից է, ով սովորել է նրա մոտ Կոլումբիայի համալսարանում։ Ավարտելուց հետո Բաֆեթն աշխատել է Գրեհեմի ընկերությունում՝ մինչև վերջինիս թոշակի անցնելը։

Գրքի վերանայված հրատարակության առաջաբանում Բաֆեթը նշում է․ «Ես այս գրքի առաջին հրատարակությունը կարդացել եմ 1950-ին՝ 19 տարեկան հասակում։ Այն ժամանակ կարծում էի, որ սա ներդրումների մասին երբևէ գրված լավագույն գիրքն է։ Մինչ օրս նույն կարծիքին եմ»։

Բնագիր տեքստը մնացել է անփոփոխ՝ Wall Street Journal-ի լրագրող Ջեյսոն Ցվայգի մեկնաբանություններով, ով վարում է «The Intelligent Investor» սյունակը։

Yahoo Finance-ի հետ զրույցում Ցվայգը պատմում է Գրեհեմի մասին․ «Նա 20-րդ դարի ամենափայլուն մտքերից էր։ 17 տարեկանում ընդունվել է Կոլումբիայի համալսարան, զուգահեռ աշխատել է գիշերային հերթափոխով, ավարտել է երկուսուկես տարում՝ խմբում երկրորդը։ Մինչև ավարտելը նրան պրոֆեսորի պաշտոն են առաջարկել երեք տարբեր ֆակուլտետներում։ Ունեցել է երկու արտոնագիր ԱՄՆ-ում։ Տիրապետել է վեց լեզուների, ներառյալ հին հունարենն ու լատիներենը»։

Ինչպե՞ս կատարել խելամիտ ներդրումներ՝ ըստ Բեն Գրեհեմի

Գրեհեմի սահմանմամբ՝ «խելամիտ ներդրող» լինելու համար պարտադիր չէ ունենալ բարձր IQ կամ գիտական աստիճան։ Կարևորը դատողության ունակությունն է և իմաստությունը, ոչ թե խելքը։ Այլ կերպ ասած՝ ներդրումային աշխարհում ավելի լավ է լինել խելացի աղվես, քան հանճարեղ ոզնի։

Գիրքն արդիական է նաև այսօր, քանի որ ներդրող լինելն այժմ ավելի հեշտ է քան երբևէ, սակայն խելամիտ ներդրող լինելն ավելի բարդ է՝ սոցիալական մեդիայի աղմուկի և Ուոլ Սթրիթի քարոզչության պատճառով։

Գրեհեմը սովորեցնում է, որ բաժնետոմսը բիզնեսի սեփականության մասնաբաժին է, ոչ թե հեռախոսի էկրանին թվեր։ Սպեկուլյանտը հետևում է միայն գնին, մինչդեռ ներդրողը փորձում է հասկանալ բիզնեսի իրական արժեքը։

Ըստ Գրեհեմի, կան երկու տեսակի ներդրողներ՝ պաշտպանողական (Defensive investor) և ձեռնարկատիրական (Enterprising investor)։ Պաշտպանողական ներդրողը նախընտրում է պասիվ ներդրումային կյանք՝ ինդեքսային ֆոնդերով։ Ձեռնարկատիրական ներդրողը հաճույքով է վերլուծում տվյալները և ակտիվ մասնակցում է ներդրումային գործընթացին։

Գրեհեմի ուսմունքը պարզ է․ իսկական հարստությունը կուտակվում է ոչ թե արագ գործարքներով, այլ խելամիտ որոշումներով և, ամենակարևորը, համբերությամբ։ Ինչպես Բաֆեթն է սիրում մեջբերել Գրեհեմի խոսքերը՝ «Գնի և արժեքի տարբերությունը հասկանալու համար պետք չէ քվանտային ֆիզիկայի դոկտոր լինել. պետք է պարզապես չմոռանալ, որ շուկան կարճաժամկետում գնահատման մեքենա է, իսկ երկարաժամկետում՝ կշեռք»։

Կարդացե՛ք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները