Ոսկու գինը հոկտեմբերի 15-ին բարձրացավ ունցիայի դիմաց մինչև գրեթե $4,200՝ հասնելով նոր պատմական առավելագույնի ($4,193` Երևանի ժամանակով 10:10-ի դրությամբ)։ Ներդրողները շարունակում են ոսկին դիտարկել որպես ապահով ակտիվ՝ աճող տնտեսական անորոշության և ԱՄՆ-ի Ֆեդերալ ռեզերվի (Fed) սպասվող տոկոսադրույքների կրճատման ֆոնին։
Վերջին ամիսներին ոսկու նկատմամբ հետաքրքրությունը կայուն աճում է, քանի որ ներդրողները փորձում են պաշտպանվել դոլարի տատանումներից և գլոբալ լարվածությունից։ Աճին նպաստում է նաև ԱՄՆ–Չինաստան առևտրային հակամարտության սրացումը, որը շուկաներին մղում է դեպի ավելի անվտանգ ակտիվներ։
Միաժամանակ, կենտրոնական բանկերն ու ինստիտուցիոնալ ներդրողները շարունակում են մեծ ծավալով ոսկու գնումներ իրականացնել՝ պահուստների դիվերսիֆիկացման նպատակով։ Սա էլ ավելի է խթանում պահանջարկը՝ պահելով գինը բարձր մակարդակի վրա։
Bank of America-ն (BofA), իր կանխատեսմամբ, բարձրացրել է ոսկու գնի վերին շեմը մինչև $5,000 ունցիայի դիմաց 2026 թվականին, նշելով, որ մետաղի նկատմամբ վստահությունը կմնա բարձր, եթե Fed-ը իսկապես սկսի տոկոսադրույքների մեղմացման փուլը։ Միևնույն ժամանակ, որոշ վերլուծաբաններ զգուշացնում են՝ նման արագ աճը կարող է ձևավորել գների «փուչիկ», որը հետո շուկան ստիպված կլինի ճշգրտել։