Հայաստանի խոշոր կապի օպերատորներից «Վիվա Արմենիա»-ն պատրաստվում է գնել «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության ամբողջ բաժնետոմսերը, հայտնում է Ազատությունը։ Վերջինս հանրությանը հայտնի է որպես ռուսական «Ռոստելեկոմ» կամ նոր անվամբ՝ «Օվիո»։
Գործարքին համաձայնություն տալու որոշման նախագիծը ներառված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 2-ի նիստի օրակարգում։ Նախաձեռնությանը հավանություն են տվել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը։ Գնի վերաբերյալ տվյալներ չեն հրապարակվել։
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ն Հայաստանում գործունեություն է ծավալում 2007-ից։ 2012-ից մատուցում է լայնաշերտ ինտերնետի, ֆիքսված հեռախոսակապի և թվային հեռուստատեսության ծառայություններ։ Ընկերությունն ունի 92% քաղաքային ծածկույթ և 2024-ին շահագործման է հանձնել երկրի խոշորագույն տվյալների մշակման կենտրոնը՝ պետական մասնակցությամբ։
Սա ընկերության վաճառքի երկրորդ փորձն է։ Նախորդը, որը կապված էր Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ փոխկապակցված անձանց և Սամվել Կարապետյանի հետ, ձախողվել էր ռուս-ուկրաինական պատերազմի և դրան հաջորդած պատժամիջոցների պատճառով։
«Վիվա Արմենիա»-ի բաժնետերերն են Ժե Ժանգը և Կոնստանտին Սոկոլովը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ կան հիմնավոր կասկածներ, որ նրանք իրական և վերջնական բաժնետերերը չեն։ Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին «Վիվա Արմենիա»-ն իր բաժնեմասի 20%-ը նվիրել էր ՀՀ կառավարությանը՝ ընկերության ռազմավարական նշանակության հիմքով։ Այսպիսով, պետությունը փաստացի դառնում է նաև «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի անուղղակի բաժնետերը։