Հուլիսի 4-ից 6-ը Վանաձոր քաղաքը կհյուրընկալի հայկական տեխնոլոգիական համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Tech Week 2025-ը։
Tech Week-ը «հայթեք» Հայաստանի օրացույցի կարևորագույն իրադարձություններից մեկն է։ Այն երբեք Երևանում չի անցկացվել և ապագայում էլ չի անցկացվելու։ Tech Week-ի ողջ իմաստը մեր երկրի տեխնոլոգիական մայրաքաղաքը Երևանից երեք օրով տարհանելն է։ Այս տարի Վանաձորում Tech Week-ը միավորելու է ոլորտի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, փորձառու և սկսնակ ձեռնարկատերերին, ուսանողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են տեխնոլոգիական ոլորտով։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում մինչ միջոցառման մեկնարկը կայացել է Tech Week Vanadzor 2025-ի պաստառի առաջին ցուցադրությունը և միջոցառման «դեսպանների» նշանակման արարողությունը։
Tech Week-ի նորանշանակ դեսպանները «հայթեք» ոլորտի և մեդիայի երևելի դեմքեր են, ովքեր կիսում են միջոցառման առաքելությունը և իրենց նպաստն են բերելու Tech Week-ի կայացմանը։
Միջոցառման գաղափարի հեղինակներից՝ ԱՏՁՄ խորհրդի անդամ Սպարտակ Կյուրեղյանը, ողջունելով դեսպաններին, ընդգծել է․
«Tech Week-ի անցկացման գաղափարը 2020 թվականից է սկսել եփվել։ Քանի որ ես ինքս ապրել ու մեծացել եմ մայրաքաղաից հեռու՝ Բերձորում, միշտ տեսել եմ նման նախաձեռնությունների պակաս, միշտ մտածել եմ, թե ինչ կարող ենք անել, որ մարզում ակտիվություն լինի։ 2021 թվականին մենք արեցինք մեր առաջին Tech Week-ը Ստեփանակերտում․ բոլոր կազմակերպչական աշխատանքներն իրականացվել էին ընդամենը մեկ ամսում։ Մեր գաղափարի հիմքում հետևյալն է՝ երեք օրով տեխնոլոգիական կենտրոնը տեղափում ենք մարզ։ Այս տարի իրադարձությունների կենտրոնը Վանաձորն է․ ունենալու ենք տարաբնույթ հետաքրքիր միջոցառումներ»։
Tech Week-ի հիմնական վայրը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատն է, որտեղ կանցկացվեն կոնֆերանսներ և պանելային քննարկումներ՝ տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ։
Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնում (VTC) կանցկացվի ԴևHacks տեխնոլոգիական հաքաթոնը, որը կազմակերպվում է Layerswap ընկերության կողմից։ Հաքաթոնի շրջանակում 3-5 անդամներից բաղկացած թիմերը 48 ժամվա ընթացքում տեղում կփորձեն կյանքի կոչել նորարարական իրենց գաղափարները։ Հաքաթոնը բաց է բոլորի համար։
Tech Week Vanadzor 2025-ը հարթակ է նաև «Wings» գաղափարների մրցույթի համար, որը նպաստելու Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Մրցույթն ուղղված է տարբեր ոլորտների ձեռներեց թիմերին՝ տեխնոլոգիաներից մինչև ագրոբիզնես ու տուրիզմ։ Առաջին փուլում ընտրվելու են 7 թիմեր, որոնք մենթորների աջակցությամբ կնախապատրաստեն իրենց նախագծերը։ Մրցույթի աջակիցն է Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցը (BANA)։
Tech Week Vanadzor 2025-ը ոչ միայն միջոցառում է, այլ տարածաշրջանային զարգացման շարժիչ ուժ։ Այն նախաձեռնել են, TCF-ը, Zealous-ը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։