Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), որը միավորում է ավելի քան 200 հայկական բարձր տեխնոլոգիաների ընկերություններ, դեմ է ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված և վերջերս ընդունված ոլորտին վերաբերող կարգավորումներին։ Փետրվարի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, «Կրիսպ» համահիմնադիր և նախագահ Արտավազդ Մինասյանը և «Լայմ Տեխ» գործադիր տնօրեն Գևորգ Սաֆարյանը ներկայացրեցին համայնքի մտահոգություններն այս կարգավորումների վերաբերյալ՝ նշելով, որ ոլորտում առկա խնդիրները կարող են բերել բիզնեսների փակման՝ շեշտելով, որ համայնքում ոչ թե աջակցության, այլ ներդրումների սպասելիքներ կան։ Բացի կարգավորումները, ոլորտի ներկայացուցիչները խնդիր են տեսնում նաև ոլորտի միությունների հետ կառավարության աշխատելաոճի մոտեցման մեջ։
Ըստ բանախոսների՝ նոր կարգավորումների վերաբերյալ ԱՏՁՄ-ն բազմիցս ԲՏԱ նախարարությանը մանրամասն ներկայացրել է համայնքի դիրքորոշումը՝ ընդունված օրենքի, կառավարության որոշումների և նախագծերի վերաբերյալ, սակայն դրանք չեն դիտարկվել և հիմնականում տեղ չեն գտել օրինագծերում։ Կառավորությունը 4 տիպի աջակցություն է նախատեսում այս կարգավորումներով, որոնցից մեկի համաձայն՝ (R&D) ոլորտի աշխատակիցների համար սահմանվում է հարկային արտոնություն՝ սահմանելով եկամտային հարկի շեմ 10% (նախկին 20%-ի փոխարեն)։ Սակայն բանախոսները խնդիր են տեսնում R&D-ի սահմանման, ինչպես նաև տվյալ արտոնությունից օգտվողների ցանկի ընտրության մեջ, որը կարող է առաջացնել անհավասար մրցակցային պայմաններ։
Միությունների մյուս՝ երկարաժամկետ պահանջն է աշխատանքային խմբի վերսկսումը, որը կներգրավի ոլորտի ներկայացուցիչներին օրենսդարակն կարգավորումներին ուղղված աշխատանքներում, և օրենքի փոփոխումը, ինչը կարևոր է Հայաստանն աշխարհում ավելի մրցակցային դարձնելու համար, քանի որ, ըստ բանախոսների ներկայացրած վիճակագրության, վերջին 25 տարների ընթացքում ՏՏ ոլորտն Հայաստանում առաջին անգամ պատմական անկում է գրանցել՝ հատկապես դրամի արժևորման պատճառով։
Մանրամասներին ծանոթացեք մեր ռեպորտաժում՝
ԱՏՁՄ-ն դեմ է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նոր ընդունած կարգավորմանը
