Թումոյի արհեստական բանականության կրթական նախագիծը 2024-2025 թվականների WISE Prize for Education մրցանակի եզրափակիչ փուլ անցած վեց նախագծերից մեկն է: World Innovation Summit for Education-ի կողմից կազմակերպվող մրցույթն այս տարի նվիրված է համաշխարհային կրթական մարտահրավերների նորարար լուծումներին:
Մրցույթի շրջանակում ստացվել է 427 հայտադիմում:
Միջազգային փորձագետներից բաղկացած կոմիտեն մանրամասն ուսումնասիրել է դիմումները` ընտրելու ամենախոստումնալից վեց նախագծերը, որոնք եզակի լուծումներ են առաջարկում մրցույթի առանցքային ոլորտների մարտահրավերներին՝ ներառյալ արհեստական բանականության կիրառմամբ նախագծերը:
WISE մրցույթի շրջանակում ներկայացվել են բազմաթիվ կրթական լուծումներ ու նորարարություններ ամբողջ աշխարհից։ Դիմորդների շարքում են աշխարհի տարբեր երկրներից կառավարություններ, ոչ առևտրային և մասնավոր կազմակերպություններ, որոնք ներկայացրել են նախագծեր ներառական կրթության, արհեստական բանակության գործիքների, ձայնային գեներացման ուսուցման, նեյրոդիվերգենտ սովորողների համար մշակած մոտեցումների և ուսուցիչների զարգացման վերաբերյալ:
«Թումոյի գեներատիվ AI կրթական ծրագիրը միավորում է ինքնուսուցումը, պրակտիկ աշխատարանները, խորը տեխնոլոգիական հմտությունները: Օգտագործելով AI-ը անհատականացված կրթական ուղիները ստեղծելու համար՝ ծրագիրը ոգեշնչում է պատանիներին տնօրինել իրենց ուսումնական գործընթացը, հատկապես նրանց, որոնք ապրում են ոչ բավարար ենթակառուցվածքներ ունեցող համայնքներում: Թումոն յուրահատուկ է, քանի որ այն հասանելի է բոլորին, անվճար է և գործում է մի շարք երկրներում` ընդգծելով տեխնոլոգիական կրթությունը հասանելի դարձնելու հանձնառությունը: Սա կարևոր է` հաշվի առնելով գեներատիվ AI-ի աննախադեպ աճը, որն ավելի է խորացնում թվային պատնեշը», – նշել է WISE Prize for Education մրցանակի ծրագրի ղեկավար Նիամ Ուելանը:
«Ուրախ ենք, որ WISE մրցանակի եզրափակիչ փուլ անցած վեց նախագծերից մեկը մերն է, քանի որ այն կօգնի զարգացնել Թումոյում AI կրթական ծրագիրը», – նշել է Թումոյի ծրագրավորման բաժնի ղեկավար Վահագն Փափազյանը: «Կարևոր է երիտասարդներին հզորացնել, որպեսզի դառնան նորարար էկոհամակարգերի մաս և ինքնուրույն տնօրինեն արհեստական բանականության կիրառումը իրենց կյանքում»:
Առաջիկա 12 ամիսների ընթացքում WISE-ը իր գործընկեր Dalberg Advisors-ի հետ եզրափակիչ փուլ անցած նախագծերին կառաջարկի կարողությունների զարգացման մի շարք հնարավորություններ և անհատականացված մենթորություն:
Ավելին, WISE-ն առաջարկում է 125,000 դոլար պայմանական ֆինանսավորում յուրաքանչյուր թիմի՝ աջակցելու նրանց նվազագույն կենսունակ արտադրանքի զարգացմանը: Հաղթող լուծումը, որը կընտրվի միջազգային կրթական փորձագետներից կազմված ժյուրիի կողմից, կստանա 1մլն դոլար մրցանակ 2025 թվականի WISE12 գագաթնաժողովի ընթացքում, որտեղ հաղթողը կհայտարարվի ուղիղ եթերի ընթացքում: