Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում է, որ Թումոյի կրթական ցանցն այժմ ընդգրկում է ողջ Տավուշի մարզը՝ նորարարական կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելով ոչ միայն մարզի բոլոր՝ անգամ ամենահեռավոր և սահմանամերձ համայնքների, այլ նաև հարևան մարզերի մի շարք բնակավայրերի պատանիների համար:
Տավուշի մարզում դեռ 10 տարի առաջ հիմնադրված Թումո Դիլիջանին վերջերս միացել է նորաբաց Թումո Կողբը, որտեղ արդեն սովորում են շուրջ 300 պատանիներ: Կենտրոնը նախաձեռնվել է Կողբ հիմնադրամի հետ համագործակցությամբ և իրականություն դարձել Թումո Հայաստան ծրագրի նվիրատուների, JHM հիմնադրամի, Mission Enfance հումանիտար ասոցիացիայի, ինչպես նաև Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի աջակցության շնորհիվ։
Դիլիջանի և Կողբի Թումո կենտրոններից և դրանց կցված՝ Իջևանի, Բերդի, Ազատամուտի, Արձվաբերդի, Սևանի, Գավառի, Շնողի, Ճամբարակի, Օձունի և շուտով՝ Ծովագյուղի Թումո տուփերից բաղկացած միջմարզային ցանցի շնորհիվ ստեղծվել են ոչ միայն կրթական հնարավորություններ և տասնյակ աշխատատեղեր, այլև նաև սոցիալական և համագործակցային կապեր տարբեր մարզերի պատանիների միջև:
Տավուշը Թումոյի ցանցում ամբողջապես ընդգրկված երկրորդ մարզն է՝ Շիրակից հետո: Հաջորդ մարզը, որտեղ Թումոն հասանելի կլինի ամբողջապես` Սյունիքն է։ Շարունակելով իրագործել Հայաստանի ողջ տարածքում նորարարական կրթության հավասար հասանելիության ապահովման իր առաքելությունը՝ Թումոն նախատեսում է 16 կենտրոններից և 110 տուփերից բաղկացած ցանցի կառուցումն ավարտել 2026 թվականին:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: