Հունիսի 8-ին Թումոյի՝ արհեստագործությանը և դիզայնին նվիրված նախագիծը՝ Թումո ստուդիաները համատեղեց իր հիմնադրման ութամյակի տոնակատարությունը և նորամուտը Արամի 44 հասցեում գտնվող հուշարձան շենքում։ Ճարտարապետական յուրահատկությունների մանրակրկիտ պահպանությամբ վերանորոգված պատմական շենքում տեղի ունեցավ Թումո ստուդիաների ուսանողական աշխատանքների ցուցադրությունը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքը, Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, այլ բարձրաստիճան հյուրեր, ուսանողներ, ինչպես նաև Թումոյի գործընկերներ և աջակիցներ։

Նախկինում Պուշկինի 38 հասցեում գործող ստուդիաներն այժմ տեղափոխվել են Արամի և Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող XX դարի սկզբի սև տուֆից կառուցված հուշարձան շենք, որը տարիների ընթացքում ծառայել է որպես կրթական օջախ։ Այստեղ են գործել, մասնավորապես, կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի երաժշտական ստուդիան, որը հետագայում դարձել է Երևանի պետական կոնսերվատորիա, ինչպես նաև այլ կրթամշակութային հաստատություններ։ Այսպիսով՝ Արամի 44-ը շարունակում է կրթության և ստեղծարարության ժառանգությունը՝ նոր բովանդակությամբ։
Վերանորոգումն իրականացվել է ճարտարապետական մանրամասների նկատմամբ խիստ հարգանքով՝ պահպանելով շենքի պատմական ինքնատիպությունը, միաժամանակ ստեղծելով տեխնիկապես հագեցած, ստեղծարար միջավայր։
«Թումոն մշտապես կարևորում է թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը և արժևորումը՝ որպես ստեղծարարության և նորարարական մտածողության նախապայման։ Այդ պատճառով ուրախ եմ, որ Թումո ստուդիաների նոր տունը հենց այս նշանավոր պատմական շենքում է։ Վստահ եմ, որ պատմությամբ ու արվեստով լեցուն այս հարմարավետ տարածքում ուսանողները կգտնեն ոգեշնչման անսպառ աղբյուր և կստեղծեն իսկապես արժեքավոր գործեր», — նշեց Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։


Հիմնադրված լինելով 2017 թվականին՝ Թումո ստուդիաները տրամադրում են անվճար մասնագիտական կրթություն 18-28 տարեկան երիտասարդներին, արհեստների և դիզայնի ոլորտներում։ Ուսումնական ուղղությունները ներառում են՝
- Զարդերի պատրաստում
- Խեցեգործություն
- Ասեղնագործություն
- Հագուստի կոնստրուկտավորում և մոդելավորում
- Մաղատպագրություն
- Պրոդուկտ դիզայն
- Եվ այլ ժամանակակից ու ավանդական արհեստներ։
Ստուդիաներում սովորողները ոչ միայն ձեռք են բերում մասնագիտական հմտություններ, այլև ստեղծում են բարձրորակ, միջազգային շուկայում մրցունակ արտադրանք, որտեղ միահյուսված են ավանդույթն ու նորարարությունը։
Նոր հասցեն՝ Արամի 44-ը, նախատեսված է ընդլայնված ծրագրի համար և հնարավորություն է ընձեռում 1000-ից ավելի ուսանողների մասնակցել դասընթացների, աշխատել ոլորտի լավագույն մասնագետների հետ և զարգացնել իրենց ստեղծած նախագծերը՝ դառնալով արհեստների և դիզայնի նոր սերունդ։
Տրամադրելով տեխնիկական դասընթացներ և դիզայն աշխատարաններ՝ զարդերի պատրաստումից և խեցեգործությունից մինչև նորաձևություն և ասեղնագործություն, Թումո ստուդիաները բաց է 18-ից 28 տարեկան բոլոր ցանկացողների համար: Ստուդիաների ուսանող դառնալու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմում՝ tumostudios.com կայքում` ընտրելով ցանկալի դասընթացը կամ աշխատարանը։