ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 3-ից սկսած՝ արտասահմանում արտադրված բոլոր ավտոմեքենաների և որոշ ավտոպահեստամասերի վրա կսահմանվի 25% մաքսատուրք: Այս քայլը նպատակ ունի խթանել տեղական արտադրությունը և նվազեցնել առևտրային դեֆիցիտը:
Թրամփի վարչակազմը պնդում է, որ այս մաքսատուրքերը կխթանեն ավտոարտադրողներին տեղափոխել իրենց արտադրությունը ԱՄՆ, ինչը կստեղծի նոր աշխատատեղեր և կուժեղացնի երկրի տնտեսությունը: Սպասվում է, որ մաքսատուրքերի շնորհիվ տարեկան կգանձվի մոտ 100 միլիարդ դոլար:
Թեև այս որոշումից առավելապես կտուժեն ոչ ամերիկյան ավտոարտադրողները՝ BMW-ն, Porsche-ն, Volkswagen-ը,Mercedes-Benz-ը, չինական և ճապոնական ընկերությունները, բայց այն կարող է խնդիրներ առաջացնել նաև ամերիկյան ընկերությունների՝ GM-ի, Ford-ի, և Stellantis-ի համար, որոնք իրենց արտադրության մի մասը կազմակերպում են ԱՄՆ-ից դուրս, և այս մաքսատուրքերը ազդելու են նաև այդ մասի վրա:
Ըստ փորձագիտական գնահատականների՝ 25% մաքսատուրքերի ներդրումը կհանգեցնի ներմուծվող ավտոմեքենաների գների զգալի աճի՝ Կանադայում և Մեքսիկայում արտադրված մեքենաների դեպքում 8,000-10,000 դոլարով, իսկ այլ երկրներից ներմուծվածների համար՝ 10,000 դոլարից ավելի։ Բացի այդ, ամերիկյան արտադրողների մեքենաների գներն էլ կարող են միջինում բարձրանալ 2,100 դոլարով, քանի որ շատ պահեստամասեր ներմուծվում են։ Այս թանկացումները կնվազեցնեն ավտոմեքենաների հասանելիությունն ԱՄՆ շուկայում և կարող են հանգեցնել վաճառքների անկման՝ ստիպելով սպառողներին կամ ավելի մեծ գումար վճարել, կամ ընտրել ավելի էժան տարբերակներ։