Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է նոր նախագիծ․ 2025 թվականի մայիսի 1-ից վարորդներին տրվող տարեկան միավորները 9-ից կդառնան 13: Նախաձեռնությունը, որը ներկայացվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից, մշակվել է ՆԳ նախարարության հետ համագործակցությամբ:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ այս փոփոխությունն արձագանք է քաղաքացիների մտահոգություններին: Նախարարի խոսքով, երթևեկության ինտենսիվության աճի պայմաններում վարորդները հաճախ իրենց կամքից անկախ սպառում են հատկացված միավորները, ինչը խոչընդոտում է նրանց բնականոն գործունեությանը, հատկապես ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտում:
Նոր կարգավորումների համաձայն՝ բոլոր վարորդների չսպառված միավորները ավտոմատ կերպով կհասցվեն 13-ի, իսկ կասեցված վարորդական իրավունքի վերականգնման դեպքում կտրամադրվի 13 միավոր: Միաժամանակ կխստացվեն անվտանգության կանոնների խախտումների պատժամիջոցները: Նախարարը հատուկ ընդգծել է, որ խստացվելու են պատժամիջոցները մի շարք լուրջ խախտումների համար, ներառյալ՝ անվտանգության գոտու չօգտագործումը, հանդիպակաց գոտի դուրս գալը և վարելիս հեռախոսից օգտվելը: