2024 թվականը նշանավորվել է S&P 500 ինդեքսի մի շարք ընկերությունների տպավորիչ աճով։ Առաջատար տասնյակում հայտնված ընկերությունների բաժնետոմսերի գները աճել են 71%-ից մինչև 313%, ինչը զգալիորեն գերազանցում է ինդեքսի միջին ցուցանիշը (21.47%)։
Հատկանշական է, որ առաջատարների ցանկը գլխավորում է տեխնոլոգիական ոլորտը։ Palantir Technologies-ը ($PLTR) գրանցել է տպավորիչ 313.3% աճ, իսկ էներգետիկ ոլորտի ներկայացուցիչ Vistra-ն ($VST) բաժնետոմսերի արժեքը տարվա ընթացքում աճել է 300.2%-ով՝ $38.52-ից հասնելով $154.16-ի։ Նույն ոլորտի ներկայացուցիչ Constellation Energy-ն ($CEG) գրանցել է 111.7% աճ։ Այս աճը մեծապես պայմանավորված է էներգետիկայի կանաչ տեխնոլոգիաների զարգացմամբ։
ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվական վարչության կանխատեսումների համաձայն՝ 2024-ին արևային էներգիայի արտադրությունը կաճի 30%-ով, իսկ հողմայինը՝ 5%-ով։ Առաջին անգամ այս երկու աղբյուրները միասին կգերազանցեն ածխի օգտագործումը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ։
Տեխնոլոգիական հսկա Nvidia-ն ($NVDA) նույնպես փայլուն արդյունքներ է ցուցաբերել՝ բաժնետոմսերն աճել են 183.3%-ով։ Palantir Technologies-ի հաջողությունը պայմանավորված է Data as a Service (DaaS) ծառայությունների պահանջարկի աճով, որի շուկան տարեկան աճում է շուրջ 20%-ով։
Ֆինանսական և բանկային ոլորտները, մանրածախ առևտուրը և արտադրական ձեռնարկությունները ակտիվորեն ներդնում են տվյալների վերլուծության նոր գործիքներ։ Ցանկում է հայտնվել նաև United Airlines-ը ($UAL)՝ 132.2% աճով։ 2024-ի երրորդ եռամսյակում ընկերության հասույթը կազմել է 14.8 միլիարդ դոլար։ Պրեմիում դասի ուղևորափոխադրումներից եկամուտներն աճել են 8.5%-ով, իսկ էկոնոմ դասից՝ 38%-ով։ Վերլուծաբանական ընկերությունները դրական են գնահատում ավիաընկերության հեռանկարները՝ TD Cowen-ը բաժնետոմսի թիրախային գինը բարձրացրել է մինչև $100։
Փորձառու ներդրողները գիտեն՝ շուկայի վայրիվերումներին լավագույն դեղատոմսը ներդրումների դիվերսիֆիկացումն է։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ հիմնարար ցուցանիշներով ուժեղ ընկերությունները միշտ էլ գտնում են փոթորիկից դուրս գալու ճանապարհը։