Թրամփը կրկին երկարաձգել է ԱՄՆ-ում TikTok-ի արգելքն ուժի մեջ մտցնելու ժամկետը

Վերջին լուրերը
Թրամփը կրկին երկարաձգել է ԱՄՆ-ում TikTok-ի արգելքն ուժի մեջ մտցնելու ժամկետը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հունիսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է որոշում՝ երրորդ անգամ 90 օրով երկարաձգելու TikTok-ի գործունեության արգելքը ուժի մեջ մտնելու ժամկետը։ Նախկին վարչակազմի օրոք ընդունված օրենքը սահմանում էր, որ եթե TikTok-ի ամերիկյան ակտիվները չփոխանցվեն ԱՄՆ-ում հաստատված ներդրողներին, ապա ծառայության գործունեությունը երկրում պետք է դադարեցվի։

Հետաձգման ժամկետը լրանում էր հունիսի 19-ին, իսկ դրա երկարաձգման մասին պաշտոնապես հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լիվիթը՝ նշելով, որ նախագահ Թրամփը չի ցանկանում լիարժեք արգելափակել TikTok-ը։ Ըստ հայտարարության՝ առաջիկա երեք ամիսների ընթացքում վարչակազմը կաշխատի այնպիսի գործարքի կազմակերպման վրա, որը թույլ կտա ամերիկացի օգտատերերին շարունակել օգտագործել հարթակը՝ ապահովված լինելով տվյալների անվտանգությամբ։

Մինչ այս պահը ԱՄՆ-ում արդեն երկու անգամ իրականացվել է նմանատիպ 90-օրյա հետաձգում։ Այս ընթացքում TikTok-ի մայր ընկերություն՝ չինական ByteDance-ը, պետք է գտներ ներդրողներ, որոնց մասնակցությամբ ամերիկյան ակտիվները կառանձնացվեին նոր ընկերության մեջ։ Ըստ նախնական ծրագրի՝ այդ ընկերության 50%-ը պետք է անցներ ԱՄՆ կառավարության կողմից հաստատված ներդրողներին, իսկ ByteDance-ի բաժնեմասը իջներ 20%-ից ցածր։

Մասնավորապես, Oracle ընկերությունը դիտարկվում էր որպես հնարավոր ռազմավարական ներդրող՝ հաշվի առնելով, որ այն արդեն իսկ ապահովում է TikTok-ի ամերիկյան ենթակառուցվածքները։ Չինաստանի կողմը, սակայն, հրաժարվում է փոխանցել TikTok-ի ալգորիթմները՝ դրանք դիտարկելով որպես ռազմավարական տեխնոլոգիական ակտիվ։ Ապրիլին նախատեսված գործարքը ձախողվել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը բարձրացրել էր չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, ինչի պատճառով Չինաստանի ներկայացուցիչները դուրս էին եկել բանակցություններից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները