Մայիսի 25-26-ին ՀԲԸՄ-ում անցկացվեց Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոնը՝ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարին և մեդիագրագիտության խթանմանը՝ միտված տեխնոլոգիական լուծումներով նորարար գաղափարների մշակմանը։
Երևանում անցկացված Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոնի երկրորդ օրը մասնակից 19 թիմերը ներկայացրել են փաստերի ստուգման և մեդիագրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված տեխնոլոգիական լուծումներով իրենց մշակած նախագծերը։ Պրոֆեսիոնալ ժյուրին, թիմերի ներկայացումների, ինչպես նաև հարցուպատասխանի հիման վրա, որոշում է կայացրել հաղթող համարել VerifEYE, «Առավոտիկ» և TruthDealer թիմերին։
Նշված թիմերին տրվել է, համապատասխանաբար, 6000, 4000 և 3200 ԱՄՆ դոլար ֆինանսական հնարավորության հավաստագիր՝ իրենց նախագծերն իրականացնելու համար։
VerifEYE թիմի նախագիծն առաջարկում է հավելված, որը պետք է ստուգի համացանցային հղումների անվտանգությունը և ծանուցի վտանգավոր հղումների առկայության մասին, կատարի կեղծ տեղեկության ստուգում՝ համեմատելով բովանդակությունը հավաստի աղբյուրներում առկա բովանդակության հետ։ Հավելվածն աշխատելու է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ինտեգրմամբ։ Հավելվածում առկա կլինի նաև լուսանկարների ստուգում, որը նույնպես կիրականացվի արհեստական բանականության միջոցով։ Ապագա պլաններում նախատեսվում է նաև հայկական տվյալների բազայի (data set) ստեղծում և մեսինջերներում (messenger) կիբեռհարձակումների վերահսկողություն։
«Առավոտիկ» թիմը, որը ներկայացնում է հայաստանյան «Առավոտ» լրատվամիջոցը, նախատեսում է արհեստական բանականությամբ ստեղծված ավատարների՝ Առավոտյանների ընտանիքի 3 սերնդի ներկայացուցիչների միջոցով (պապիկ, մայրիկ և որդի) ներկայացնել մեդիագրագիտությանը վերաբերող կարճ տեսահոլովակների շարք՝ տվյալ սերնդի թիրախային լսարանին հետաքրքրող սոցիալական հարթակներում։ Պարզ բառապաշարով, զվարճանքի տարրեր պարունակող տեսահոլովակների միջոցով կներկայացվեն մեդիագրագիտությանն առնչվող հոլովակներ, որոնցում անդրադարձ կկատարվի մեդիագրագիտությանը, թվային անվտանգության տարբեր մարտահրավերների, կներկայացվեն տարբեր իրավիճակներ, կանոններ, որոնց պետք է հետևել մեդիագրագետ լինելու և թվային անվտանգության կանոնները պահպանելու համար։
TruthDealer թիմն առաջարկում է մոբայլ խաղ, որը նախատեսված է մեդիագրագիտության ուսուցման համար։ Խաղը դետեկտիվ ժանրի է և հայալեզու բովանդակությամբ։ Գլխավոր հերոսը իրական փորձությունների միջոցով ծանոթանում է մեդիա ոլորտի կարելիներին և չի կարելիներին, հայտնվում է տարբեր իրավիճակներում և բախվում է դրանց հատուկ ապատեղեկատվության, սովորում է ինչպես լինել ավելի մեդիագրագետ և գիտելիքներն ամրապնդում է գործնական առաջադրանքով:
Հեքըթոնի փակման և ֆինանսական հնարավորության հավաստագրերի հանձնման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Մամուլի կցորդ Լադիսլավ Բերանեկը, շնորհավորել և հաջողություն մաղթել թիմերին։
Հեքըթոնը կազմակերպել էր Հանրային լրագրության ակումբը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: