2025 թվականը Հայաստանյան բիզնեսների համար սկսվեց զգալի օրենսդրական փոփոխությունների շարքով, որոնցից մեկը ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջն էր։ Սակայն նոր կարգավորումների արդյունքում բիզնեսները հաճախ բախվում են կրկնակի հարկման խնդրին՝ կրելով եկամտային հարկի հաշվարկման պարտավորություն, միևնույն ժամանակ վճարելով փաստաթղթավորման պահանջները չպահպանելու համար սահմանված տուգանք։
Նոր կարգավորումների համաձայն՝ ապրանքի ձեռքբերման համար վճարող տնտեսվարողներն այլևս չեն ազատվում հարկային գործակալի պարտավորությունից, այսինքն՝ եկամտային հարկի հաշվարկման պարտավորություն են կրում։ Սակայն հարկային օրենսգրքի մեկ այլ հոդվածով սահմանվում է, որ հարկային հսկողության ընթացքում շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու համար սահմանվում է տուգանք՝ ապրանքի ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով։ Այս մոտեցումն էլ բերում է անարդարության՝ բարեխիղճ հարկատուների հանդեպ։
Այս խնդիրը բարձրաձայնվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստում։
Նիստի շրջանակում Գործատուների հանրապետական միությունը հանդես եկավ առաջարկով՝ տուգանքը չկիրառել այն շրջանառության հարկ վճարողների նկատմամբ, որոնք եկամտային հարկը հաշվարկել և վճարել են։ Այլապես ստացվում է, որ նույն արարքի համար շրջանառության հարկ վճարողը կրում է կրկնակի պատասխանատվություն։
Առաջարկը ընդունելի էր ՊԵԿ գործընկերների համար։ Համատեղ քննարկումների արդյունքում որոշվեց, որ ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչները՝ IC Armenia փորձագիտական թիմի, ինչպես նաև խորհրդի անդամների հետ համատեղ, աշխատանքային կարգով կլրամշակեն նախագիծը։ Հայաստանի ներդրումային խորհրդի թիմը գալիք տասնօրյակում հանդիպում կունենա ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչների հետ՝ մանրամասն քննարկելու օրենքի ակնկալվող փոփոխությունները։
Մանրամասները՝ մեր ռեպորտաժում