2025-ի հունվարի 1-ից շրջանառության հարկի հարկման համակարգի շրջանակում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց շրջանակում նոմինալ դրույքաչափերի բարձրացման հետ մեկտեղ ընդլայնվել է ծախսագրման հնարավորությունները, թույլ տալով հարկի գումարից նվազեցնել նաև իրացման հետ կապված ծախսերը, օրինակ, անձնակազմի աշխատավարձ, տարածքի վարձակալություն և այլն։
Շրջանառության հարկի փոփոխությունների փաթեթները քննարկվեցին նաև ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի Նիստում՝ Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, այնուհետև՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ Խորհրդի նիստին և որոշում էր կայացվել դիտարկել նաև շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսվարողների համար վարչական ծախսերի գծով ծախսագրման հնարավորությունը։
Ի սկզբանե նվազեցվող ծախսերի ցանկում ներառված էին ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների արտադրության կամ մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը, իրացման ծախսերը և առք ու վաճառքի ապրանքների սկզբանական արժեքը։
Մարտի 26-ին Ազգային Ժողովի կողմից՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նվազեցվող ծախսերի ցանկում ներառվեցին նաև վարչական ծախսերը։ Նիստի շրջանակում ՀՀ Ֆինանսների նախարարությունը առաջարկեց շրջանառության հարկի հարկման համակարգից հանել մի շարք մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերությունների, այդ թվում՝ ճարտարապետական, գովազդային, անասնաբուժական, բրոկերային ծառայություններ մատուցող, ինչպես նաև հաշվապահական և իրավաբանական ծառայություններ։
Խորհրդի անդամների դիրքորոշումը բացասական էր տվյալ հարցում։ Ֆինանսների նախարարությունը համաձայնեց թողնել տվյալ մասնագիտական ծառայությունները շրջանառության հարկի հարկման համակարգում՝ ընդհանուր հարկման համակարգ տանելով միայն իրավաբանական և հաշվապահական ծառայությունների հատվածը։ Հաշվի առնելով, որ վերջինս կարող է բերել շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունների համար հաշվապահական ծախսերի բարձրացման, ՀՀ Ֆինանսների նախարարությունը նիստի արդյունքներով համաձայնեց, որպեսզի վերջնական վճարման ենթակա հարկի գումարը նվազեցվի այդ ծախսերի չափով։
Այս մասին մանրամասները դիտեք մեր ռեպորտաժում՝