Քեմբրիջի համալսարանի աստղագետները հայտնել են՝ James Webb աստղադիտակը կենսաբանական կյանքի հավանական նշաններ է հայտնաբերել K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում, որը գտնվում է Երկրից շուրջ 124 լուսատարի հեռավորության վրա։
Նրանք ուսումնասիրել են մոլորակի մթնոլորտը և այնտեղ հայտնաբերել են դիմեթիլսուլֆիդ (DMS) և դիմեթիլդիսուլֆիդ (DMDS) մոլեկուլներ։ Երկրի վրա այս միացությունները հայտնի են որպես կենսաբանական ակտիվության արդյունք, որոնք արտադրվում են միայն որոշ միկրոօրգանիզմների, օրինակ՝ պլանկտոնի և բակտերիաների կողմից։
Այս հայտնագործությունն արդեն իսկ համարվում է հնարավոր կյանքի ամենահավանական նշաններից մեկը մեր մոլորակից դուրս։ Սակայն գիտնականներն ընդգծում են՝ ապացույցը դեռևս մինչև վերջ հաստատված չէ։
K2-18b-ը չափերով շուրջ 2.5 անգամ մեծ է Երկրից։ Այն պտտվում է Կարմիր թզուկ աստղի շուրջ, հնարավոր է՝ կյանքի համար բարենպաստ գոտում։ Մոլորակի մթնոլորտը հիմնականում կազմված է ջրածնից, և այնտեղ ամոնիակի նշաններ չկան, ինչը կարող է վկայել ջրային օվկիանոսի գոյության մասին, քանի որ ջուրը կլանում է ամոնիակը։
Սակայն գիտնականները զգուշացնում են, որ նույն արդյունքը կարող է պայմանավորված լինել մագմայից կազմված օվկիանոսով, որն, ի տարբերություն ջրի, կյանքի համար անբարենպաստ է։ Բացի այդ, մոլորակը գտնվում է բավականին մոտ իր աստղին, ինչը բարձրացնում է մակերևույթի բարձր ջերմաստիճանի և ջրի գոլորշիացման հավանականությունը։
Վերջին մոդելավորումները ցույց են տվել, որ մոլորակի մթնոլորտը շատ թույլ է անդրադարձնում աստղի ճառագայթումը, իսկ ամպային շերտը բավարար չէ մոլորակը պաշտպանելու համար։ Արդյունքում, ջրային օվկիանոսը, եթե երբևէ գոյություն է ունեցել, հնարավոր է՝ վաղուց արդեն գոլորշիացել է։