Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակը ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի շրջանակի ընդլայնումն է։ Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, դա վերաբերում է 3 ուղղության:
Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում նաև 2024 և 2025 թթ. հաշվետու տարիների ընթացքում հանրապետությունում ատամնաբուժական ծառայությունների ձեռք բերման ծախսերը: Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ սոցիալական ծախսի այս տեսակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել նաև հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձ հանդիսացող՝ ՀՀ Կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շահառուները:
Կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի, ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների ձեռքբերման ծախսերը և միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերը։
Միաժամանակ առաջարկվում է սահմանել՝ փոխհատուցվելու են նաև 2024 թ. հաշվետու տարվա ընթացքում վերոնշյալ նոր ուղղություններով կատարված սոցիալական ծախսերը, դասագրքերի վարձակալության մասով յուրաքանչյուր աշակերտի համար փոխհատուցման չափը տարեկան 3000 դրամ է, կրթական ծրագրերի երաշխավորված լինելու հանգամանքը 2024 թ. հաշվետու տարվա մասով դիտարկվելու է հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, իսկ հետագա հաշվետու տարիների մասով՝ կրթական ծառայությունները մատուցող անձի կողմից հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ, սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե սոցիալական ծախսերը կատարվել են անկանխիկ, բացառությամբ դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերի, որոնց մասով վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ նոր կրթական ծառայությունների մասով կատարված սոցիալական ծախսերը փոխհատուցվում են, եթե կրթական ծառայությունները երաշխավորված են լիազոր մարմնի կողմից: Ընդ որում՝ 2024 թ.-ի մասով կրթական ծրագրերի մասով երաշխավորված լինելու հանգամանքը դիտարկվելու է հայտարարագրի ներկայացման պահի դրությամբ, իսկ հետագա հաշվետու տարիների մասով՝ կրթական ծառայությունները մատուցող անձի կողմից հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթվի դրությամբ: Այսինքն՝ 2024-ի ընթացքում մատուցված ծառայությունների մասով սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի կրթական ծրագրերը երաշխավորվեն մինչև հայտարարագրի ներկայացումը։