ԳՆԿԿ (CSIE) և ՀԱՊՀ համագործակցության շրջանակներում օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում ձևավորված ուսանողական թիմը` գիտաշխատող Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ, փայլուն կերպով մասնակցել է «American Control Conference 2024» գիտաժողովի ընթացքում «Quanser» ընկերության կողմից կազմակերպած ինքնավար մեքենաների մրցույթին և զբաղեցրել պատվավոր երրորդ հորիզոնականը։ Այս մասին իր ֆեյսբոքյան էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ սա առաջին անգամն է, երբ Հայաստանը ներկայացել է կառավարման համակարգերի ոլորտում հեղինակավոր «American Control Conference 2024» գիտաժողովին, որին մասնակցել են հեղինակավոր գիտնականներ ողջ աշխարհից։
Մրցույթին մասնակցել են աշխարհի առաջատար համալսարանները ներկայացնող 39 թիմեր, որոնցից միայն 8-ն են հաղթահարել առաջին փուլը և ներկայացել Կանադայում։
«Չնայած բարդություններին՝ հայկական թիմը կարողացավ հենց առաջին փուլից հայտնվել լավագույն եռյակում և հնչեցնել Հայաստանի օրհներգը նման պատվավոր գիտաժողովի ընթացքում», – գրել է Հայրապետյանը։
Մրցույթի ընթացքում ուսանողները ուսումնասիրել են ավտոմատ կառավարման առաջատար մեթոդներ և կիրառել համակարգչային տեսողության ալգորիթմներ՝ լուծելով իրենց առջև դրված խնդիրները։
Առաջին փուլի ընթացքում մշակված ալգորիթմները ներդրվել են «Quanser» ընկերության «QLab» վիրտուալ միջավայրում՝ «QCar» վիրտուալ ռոբոտի վրա, և գրանցել են առաջադրված երթուղու վազանցը 31 վայրկյանի ընթացքում։ Այնուհետև, արդեն Կանադայում, երկրորդ փուլի ընթացքում նույն ալգորիթմը կիրառվել է իրական ռոբոտի վրա։
Երթուղով անցնելիս ռոբոտի վրա կիրառված ալգորիթմն ամբողջովին ավտոնոմ կերպով պահպանել է երթևեկության բոլոր կանոնները՝ մնալով երթևեկելի գոտում։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: