Մարտի 18-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 31-րդ նիստը։
Նիստի ընթացքում քննարկվեց E-draft հարթակում տեղադրված` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հարցը, որը մեծ անհանգստություն էր առաջացրել ՓՄՁ-ների շրջանում և նիստի օրակարգում ներառվել հրատապության կարգով։
Առաջարկվող նախագծի վերաբերյալ ՓՄՁ Զարգացման Խորհրդի անդամները հայտնեցին իրենց բացասական դիրքորոշումը:
Բանախոսների կարծիքով՝ խնդիրն այն է, որ գործընթացի համար տնտեսվարողը ստիպված է լինելու էական ռեսուրսներ ծախսել և վարձել փաստաբաններ, հիմնավորել իրեն սպառնացող էական վնասը։ Այսպիսով՝ պետությունը ստիպում է բիզնեսին լրացուցիչ ռեսուրս ծախսեր կատարել, ինչը հատկապես կվնասի գերփոքր և փոքր բիզնեսներին։ Նախագիծը խնդրահարույց է նաև նրանով, որ արդեն իսկ ծանրաբեռնված արդարադատության համակարգի վրա նոր բեռ է ավելանում:
Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները ևս իրենց մտահոգությունը հայտնեցին ու առաջարկեցին վերանայել նախագծով առաջարկվող լուծումները` հաշվի առնելով նիստի ընթացքում հնչած առաջարկները:
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Դավիթ Ղարիբյանն էլ իր հերթին նշեց, որ նախագիծը նպատակ չի հետապնդում փոփոխելու գործող այն կարգավորումը, որ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի դարձած վարչական ակտերի հիման վրա։ Թեմայի շուրջ հայտարարությամբ հանդես եկավ նաև ՊԵԿ ներկայացուցիչ Արման Մնացականյանը՝ նշելով, որ նախագիծը չի փոփոխելու Հարկային մարմնի կողմից կազմված ակտերով դրամական պահանջների կատարման ժամկետը, որը ներկայումս սահմանված է ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:
Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նախագծում հստակեցնել, որ նշված դիրքորոշումների հիման վրա հստակ կսահմանվի, որ դրամական պահանջ (տուգանք, հարկային պարտավորություն) առաջացնող վարչական ակտերը՝ դատական կարգով բողոքարկման դեպքում ենթակա չեն լինի կատարման մինչև բողոքարկման գործընթացի ավարտը։
Այնուամենայնիվ, այլ վարչական ակտերի կատարումը չկասեցնելու նախագծով առաջարկվող կարգավորման վերաբերյալ դիրքորոշումը մնաց բացասական և նիստի մասնակիցները պայմանավորվեցին շարունակել քննարկումը:
Մանրամասները դիտեք մեր ռեպորտաժում ՝