Մայիսի 17-ին բանկային և ֆինանսական ոլորտի համար ՏՏ ընկերությունների կողմից առաջարկվող բեկումնային տեխնոլոգիաները ներկայացվեցին մեկ հարթակում՝ 4Future Banking կոնֆերանսում:
Ի՞նչ միտումներ են փոխվում բանկային համակարգում և որքանո՞վ է ակտուալ տեխնոլոգիական լուծումների այս ակտիվ շրջանում բանկերի ֆիզիկական առկայությունը։ Այս և այլ հարցերի պատասխաններ փորձեց տալ կոնֆերանսը՝ շուրջ 10 ելույթներով ու պանելային քննարկումներով։
Կոնֆերանսը բանկային առաջին հավելված Earlyone-ն է արդեն երկրորդ անգամ կազմակերպում՝ ստեղծելով հարթակ, որտեղ բանկերն ու տեխնոլոգիական ընկերությունները կհանդիպեն՝ կիսվելու նորարարություններով և գիտելիքով:
Կոնֆերանսի թեմաներն ու մասնակիցները
Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ֆինանսական ոլորտում կենսաչափության զարգացման թրենդները, մասնաճյուղային բանկինգի ապագան, արագ փոխակերպումը, բանկերի կիբերանվտանգությունը։
Տեղի ունեցավ նաև պանելային քննարկում՝ ոլորտի լավագույն մասնագետների մասնակցությամբ։
Կոնֆերանսին ներկա էին գրեթե բոլոր ՀՀ բանկերի ներկայացուցիչները՝ այդ թվում Կենտրոնական բանկը, ինչպես նաև գործըկերներ արտերկրից՝ Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղրղզտանի, Տաջիկստանի, Ռուսաստանի և Վրաստանի առաջատար բանկերի ներկայացուցիչներ, ովքեր կիսվեցին իրենց փորձով և ծանոթացան հայաստանյան բանկային համակարգին:
Բանկային համակարգի ապագան
Միջոցառմանը քննարկվեցին բանկային համակարգի թվային խնդիրները և դրանց լուծումները։ Թե ինչպիսի՞ն կլինի բանկային համակարգի ապագան և բանկային մասնաճյուղերի աշխատանքը, LimeTech և Earlyone ընկերությունների գլխավոր գործադիր տնօրեն Գևորգ Սաֆարյանն իր ելույթում նշեց, որ չնայած տեխնոլոգիական լուծումների այս ակտիվ շրջանին, բանկերի մասնաճյուղերը կարևոր դեր են կատարում և ապագայում չեն դադարի ակտուալ լինել։
How2b-ի հետ զրույցում Գևորգ Սաֆարյանը նշեց, որ ապագայում բանկերի մասնաճյուղերն ավելի խորհրդատվական բնույթ են կրելու, որպեսզի մարդիկ կարողանան թվային գործիքներից օգտվել և նոր պրոդուկտներ ստանալ, քանի որ թվային գործիքները վաճառքի համար միշտ չէ, որ լավագույն տարբերակն են։
«Բանկերի մասնաճյուղերը կարևոր դեր են կատարում մարդկանց հետ անձնական կապը պահելու համար, որը ավելի ջերմ է դարձնում շփումը: Երբ մենք միայն թվային գործիքներով ենք շփվում, այդ ջերմությունն ու կապը կորում է։ Իսկ կազմակերպությունները միմյանց հետ մրցելու են այդ հաճախորդի գոհունակության և լոյալության համար, որպեսզի նրանք իրենց ավելի լավ զգան և շարունակեն օգտվել տվյալ բանկից»,- նշեց նա։
Գևորգ Սաֆարյանը Հայաստանում բանկերի մոդեռնիզացիայի տեմպերը միջինից բարձր է գնահատում, սակայն դեռ բացեր կան ոլորտում, որոնց լրացմանն էլ նպասում է 4Future Banking կոնֆերանսը․ «Մենք հիմա համեմատելով տեսնում ենք, որ Հայաստանը բավականին լավ դիրքեր ունի, սակայն կան դեռ շատ տեխնոլոգիաներ, որոնք դեռ չեն կիրառվում: Այս կոնֆերանսի նպատակը նաև դա է․ ցույց տալ այն հնարավորությունները, որոնք կան աշխարհում և օգնել մեր գործընկերներին զինվել նորանոր լուծումներով»։
Բանկերի կիբերանվտանգությունը
Ինեկոբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանի կարծիքով՝ թվայնացմանը զուգընթաց բանկերում սրվում է կիբերանվտանգության հարցը և բոլոր ֆինանսական կառույցները մեծ ներդրումներ են կատարում այդ ուղղությամբ։
«Հայաստանում կիբերանվտանգության և բանկերի անվտանգության մակարդակը գնահատում եմ բավականին բարձր։ Այստեղ բանկերը ներդրումներ չեն խնայում կատարել, քանի որ խոսքը գնում է հաճախորդների պաշտպանության մասին, իսկ բանկային բիզնեսը վստահության բիզնես է։ Առաջին հերթին հաճախորդները վստահության համար են բանկերին ընտրում, հետևաբար, սա համար մեկ խնդիրն է, որ պետք է բանկերն ապահովեն», – How2b-ի հետ զրույցում նշեց Լևոն Ռուբինյանը։
Team Solutions-ի «Զանգեզոր» պրոդուկտը
Կոնֆերանսին տեղական և արտասահմանյան բանկերի ու ՏՏ ընկերությունների կողքին ներկայացավ նաև Հայաստանում նորարարական լուծումների առաջամարտիկներից մեկը՝ Team Solutions ընկերությունը՝ իր «Զանգեզոր» պրոդուկտով, որը կոնտակտային կենտրոնի ամբողջական լուծում է՝ ներդրված մի շարք ընկերություններում։ Արհեստական բանականության լուծումները, որոնք դարձել են տեխնոլոգիական առաջընթացի կարևոր հիմքը, այս ծրագրից նույնպես անմասն չեն մնացել։
Team Solutions-ը հանդիսանում է Team ընկերությունների խմբի անդամ և մասնագիտացած է մասնավոր ոլորտին ուղղված ծրագրային լուծումների և պետական կառավարման էլեկտրոնային համակարգերի մշակման ու ներդրման մեջ։ Ընկերության համար առանձնակի կարևոր է սեփական պրոդուկտների մշակումը։
Earlyone-ի մասին
Earlyone-ը առաջին հայկական մոբայլ հավելվածն է՝ ստեղծված LimeTech ընկերության կողմից, որն իրենից ներկայացնում է հերթերի հոսքը կառավարող համակարգ։ Այն նպատակ ունի օգնել հաճախորդին հասնել սպասարկման որակի կատարելության, խնայել ժամանակ և խուսափել հերթում երկար սպասելուց։
Հավելվածը գործում է բանկային, առողջապահական, հեռահաղորդակցման ու պետական համակարգերում։ How2b-ի այն հարցին, թե ինչ տարբերություններ կան պետական և մասնավոր ոլորտի հետ աշխատանքում, Գևորգ Սաֆարյանը պատասխանեց, որ պետական համակարգում գործընթացներն ավելի դանդաղ են ընթանում, – «Բանկային համակարգում աշխատանքն ավելի ճկուն է և փորձառությունն ավելի շատ: Մրցակցության պարագայում ծառայությունները պետք է մաքսիմալ լավը լինեն, որպեսզի հաճախորդ չկորցնեն»։
Սաֆարյանի խոսքով՝ Earlyone հավելվածը պահանջված է նաև արտերկրում, – «Մոլդովայում, Բելառուսում և Ղրղզտանում, կարելի է ասել, ոչ-մի այլ մրցակից չունի այնքան հաճախորդ բանկ, ինչքան որ Earlyone-ը։ Այժմ շատ ակտիվ զարգանում ենք նաև Ուզբեկստանում, Վրաստանում։ Ունենք նոր հաճախորդներ և տարածվում ենք այլ շուկաներում»։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: