Երևանում տեղի կունենա ICPC մրցույթի տարածաշրջանային եզրափակիչ փուլը

Վերջին լուրերը
Երևանում տեղի կունենա ICPC մրցույթի տարածաշրջանային եզրափակիչ փուլը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ծրագրավորման միջազգային թիմային ICPC «ԱյՍիՓիՍի» մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային
եզրափակիչ փուլը կանցկացվի վաղը՝ ապրիլի 13-ին միաժամանակ 5 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգ,
Բառնաուլ, Ալմաթի, Մինսկ և Երևան։ Երևանյան մրցույթի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը և
CodeSignal(«ՔոդՍիգնալ») ընկերությունը։

Մրցույթին մասնակցում է 111 երկիր՝ բաշխված ըստ տարածաշրջանների։ Այս օլիմպիադայում Հայաստանը հանդես է
գալիս Հյուսիային Եվրասիայի տարածաշրջանի կազմում, որտեղ մրցում են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, ՀՀ
հարևան պետությունների, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Մերձբալթյան երկրների ներկայացուցիչները։ Եվրոպական
տարածաշրջանի կազմում են ընդգրկված Ուկրաինան և Մոլդովան։

- Advertisement -
Երևանում տեղի կունենա ICPC մրցույթի տարածաշրջանային եզրափակիչ փուլը

Մրցույթն անցկացնելու են Սանկտ Պետերբուրգից ժամանած Գենադի Վլադիմիրի Կորոտկևիչը և Դմիտրի Ֆիլիպովը։
Գ․Կորոտկևիչը աշխարհի ամենատիտղոսակիր օլիմպիականն է։ Նա դպրոցական միջազգային օլիմպիադայի (IOI)
ռեկորդակիր է (6 ոսկե և 1 արծաթե մեդալ)։ Երեք անգամ եղել է բացարձակ հաղթող։ ICPC-ի կրկնակի չեմպիոն է
(երրորդ անգամ մասնակցել չի թույլատրվում)։

«Նրանք ապրիլի 11-ին պետք է գան ԵՊՀ և համակարգիչների դահլիճում նախապատրաստեն համակարգիչները։
Յուրաքանչյուր թիմի տրվելու է մեկ համակարգիչ (թիմում երեք հոգի են)։ Գ․ Կորոտկևիչը և Դ․
Ֆիլիպովըհամակարգիչներում տեղադրելու են բացառապես օլիմպիադայի համար նախատեսված ծրագրեր։ Ապրիլի 12-ին
անցկացվելու է փորձնական փուլը, իսկ հիմնական մրցույթը տեղի կունենա ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-16:00:
Իրենք տպելու և բաժանելու են խնդիրներ, ապա հետևելու են մրցույթի ընթացքին», — նշեց ԵՊՀ ինֆորմատիկայի
և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը։

«Օլիմպիական ծրագրավորման շարժման հիմնական աջակցողը Հայաստանում արդեն երկար տարիներ
«ՔոդՍիգնալ»ընկերությունն է։ Մեր աշխատակիցներից շատերը տարբեր համալսարանների թիմերի անդամներ են կամ
թիմերի մարզիչներ։ «ՔոդՍիգնալի» հիմնադիրներ Տիգրան Սլոյանը և Արամ Շատախցյանը ևս ժամանակին ակտիվորեն
ներգրավվել են օլիմպիական շարժմանը՝ մասնակցելով մաթեմատիկայի և ինֆորմատիկայի օլիմպիադաների, որոնց
թվում է ICPC-ն», — նշել է «ՔոդՍիգնալ» ընկերության ինժեներական տնօրեն, Հայաստանի գրասենյակի ղեկավար
Էդուարդ Փիլիպոսյանը։

Մրցույթին Հայաստանը ներկայացնող 13 թիմերն ընտրվել են նախորդ փուլի արդյունքների հիման վրա։ Այս
փուլում ԵՊՀ-ից մասնակցելու է 4 թիմ, Հայ-ռուսական համալսարանից՝ 3 թիմ, մեկական թիմեր ՀԱՀ-ից,
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Եվրոպական համալսարանից, Խաչատուր Աբովյանի անվան
հայկական պետական մանկավարժական համալսարանից, Գորիսի պետական համալսարանից, Ճարտարապետության և
շինարարության Հայաստանի ազգային համալսարանից։ 

Մրցույթի ընթացքում, բացի տարածաշրջանային փուլի հաղթող 12 մեդալակիրներին որոշելուց, որոշվելու են նաև
եզրափակիչ փուլի մասնակիցները։ Եզրափակիչը տեղի է ունենալու 2023 թվականին Եգիպտոսում։

Հիշեցնենք, որ ICPC-ն ծրագրավորման ալգորիթմիկ մրցաշար է՝ նախատեսված ուսանողների համար։ Մրցույթի
ընթացքում տարբեր համալսարաններ ներկայացնող թիմերը փորձում են լուծել իրական խնդիրներ՝ զարգացնելով
այնպիսի որակներ, ինչպիսիք են համագործակցությունը, ստեղծարարությունը, նորարարությունը և ճնշման տակ
աշխատելու կարողությունը: Անընդհատ վարժման և մրցումների միջոցով թիմերը մարտահրավեր են նետում
միմյանց՝ հնարավորինս բարձրացնելով նշաձողը։ Այսպիսով՝ ICPC-ն աշխարհի ամենահին, ամենամեծ և
ամենահեղինակավոր ծրագրավորման մրցույթներից է։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները