Tesla-ի բաժնետոմսերի արժեքը կտրուկ աճել է՝ ընկերությանը վերադարձնելով տրիլիոն դոլարանոց շուկայական արժեքը: Աճի հիմնական պատճառը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնությունն է՝ պարզեցնելու ինքնավար մեքենաների օրենսդրական դաշտը:
Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Թրամփի թիմը մշակում է ինքնավար տրանսպորտային միջոցների օրենսդրական նոր համակարգ: Այն կդառնա ԱՄՆ Տրանսպորտի դեպարտամենտի գերակա ուղղություններից մեկը:
Իլոն Մասկը, ով ակտիվորեն աջակցել էր Թրամփի նախագահական արշավին, արդեն նշանակվել է նորաստեղծ Կառավարման արդյունավետության դեպարտամենտի ղեկավար: Այս կառույցի նպատակն է վերացնել պետական գերակարգավորումները և օպտիմալացնել ծախսերը:
Tesla-ն տարիներ շարունակ խոստանում է ստեղծել լիովին ինքնավար մեքենաներ: Անցյալ ամիս ընկերությունը ներկայացրեց իր «Cybercab» ռոբոտաքսին՝ 30,000 դոլար արժողությամբ երկտեղանոց մեքենա՝ առանց ղեկի և ոտնակների: Մասկը հայտարարել է, որ հաջորդ տարի Tesla-ն կթողարկի «առանց վերահսկողության» ինքնավար վարման տեխնոլոգիա Model 3 և Model Y մեքենաների համար:
Ներկայումս ընկերության հիմնական մրցակիցը Google-ի Waymo ստորաբաժանումն է, որն արդեն իսկ թողարկել է ինքնավար մեքենաներ հանրային ճանապարհներին:
Բաժնետոմսերի աճի արդյունքում Tesla-ի շուկայական արժեքը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը (1.06 տրիլիոն դոլար)՝ ընկերությանը դասելով այնպիսի տեխնոլոգիական հսկաների շարքին, ինչպիսիք են Nvidia-ն, Apple-ը, Microsoft-ը, Alphabet-ը, Amazon-ը և Meta-ն: Միևնույն ժամանակ Իլոն Մասկի անձնական կարողությունն աճել է 30 միլիարդ դոլարով՝ հասնելով 300 միլիարդի: