Telegram ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման հավելվածը առաջին անգամ դարձել է շահութաբեր՝ երեք տարի անց մոնետիզացիայի (հայ.՝ դրամայնացում) մեկնարկից հետո: 2024 թվականին ընկերության ընդհանուր եկամուտը գերազանցել է 1 միլիարդ դոլարը, իսկ տարվա ավարտին կանխիկ պահուստները կազմել են ավելի քան 500 միլիոն դոլար՝ առանց հաշվի առնելու կրիպտոակտիվները, այս մասին իր անձնական տելեգրամյան ալիքում հայտնել է ընկերության հիմնադիր Պավել Դուրովը։
Այս հաջողությանը նպաստել է Telegram Premium-ի բաժանորդների քանակի եռապատկումը՝ գերազանցելով 12 միլիոնը, ինչպես նաև գովազդային եկամուտների բազմակի աճը: Տարվա ընթացքում ներդրվել են մոնետիզացիայի մի շարք նոր գործիքներ, ինչպիսիք են մինի-հավելվածները, աստղերը, նվերները, Telegram Business-ը և Telegram Gateway-ը: Դուրովը նշել է, որ այս արդյունքները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիա հարթակները կարող են հասնել ֆինանսական կայունության՝ մնալով անկախ և հարգելով օգտատերերի իրավունքները:
Ֆինանսական հաշվետվությունների համաձայն, 2023 թվականին Telegram-ի եկամուտը կազմել է 342 միլիոն դոլար՝ 173 միլիոն դոլար վնասով: 2024 թվականի առաջին կեսին գովազդային եկամուտները կազմել են 120 միլիոն դոլար, իսկ բաժանորդագրությունների վաճառքից ստացված եկամուտները՝ 119 միլիոն դոլար: Ընդհանուր եկամուտը կազմել է 353 միլիոն դոլար, որից 348 միլիոնը ստացվել է Toncoin կրիպտոարժույթի վաճառքից:
Այս ֆինանսական հաջողությունների ֆոնին, Telegram-ը դիտարկում է բորսայում առաջնային տեղաբաշխման (IPO) հնարավորությունը: Ավելի վաղ Դուրովը հայտնել էր, որ ընկերությունը ստացել է «ավելի քան 30 միլիարդ դոլար» նախնական գնահատական՝ հնարավոր IPO-ից առաջ: