Գյումրվա Distrikt-ը հաճախակի շփոթություն է առաջացնում, ի՞նչ է դա ու ինչո՞վ է զբաղվելու` ներկայացնում է How2B-ն:
Distrikt նախագծի շրջանակում Գյումրիում նախատեսվում է հիմնել իր տեսակի մեջ առաջին բնակելի թաղամասը՝ եզակի տեխնոլոգիաներով ձեռնարկատիրական էկոհամակարգ, որը կխթանի նորարարությունը, կապահովի բնակիչների պատշաճ և կայուն եկամուտը, կունենա դրական սոցիալ-տնտեսական և էկոլոգիական ազդեցություն:
Երբ սկսում ենք պատմել, մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է, թե դա պարզապես թաղամաս է, որտեղ բնակարաններ ենք սարքելու կամ վաճառելու:
Distrikt-ի տեսլականն է Գյումրին Եվրոպայի ցածր տնտեսական ակտիվություն ունեցող մարզային քաղաքից վերածել առաջատար համայնքի, որը կենտրոնացած է ստեղծագործական, տեխնոլոգիական, բարեկեցիկ եւ կայուն տնտեսական զարգացման վրա:
Խնդիր, որից առաջացավ Distrikt-ի գաղափարը
How2b.am-ի հետ զրույցում, «Դիսթրիքթ» հիմնադրամի PR մենեջեր Նարե Արղուշյանը նշեց, որ Distrikt-ը երբեմն շփոթություն է առաջացնում ու մարդկանց մոտ տպավորություն է, թե դա պարզապես թաղամաս է, որտեղ բնակարաններ են սարքելու կամ վաճառելու:
«Այո, դա բնակարանաշինական նախագիծ է, բնակելի թաղամաս է լինելու, բայց դա ամբողջ նախագծի մի փոքրիկ մասն է: Մեր թիմը՝ Digital Pomegranate ընկերությունը, եղել է Երևանից դուրս գործող ամենամեծ ՏՏ ընկերությունը: 10 տարի Գյումրիում գործելով մեծ աճ է գրանցել ու միջազգային գործակցություն ծավալել (SONY ATV, Sony Music, Tesco` խմբ.): 10 տարի Գյումրիում աշխատելով՝ մենք հասկացանք, որ խնդիր ենք ունեցել այստեղ, որն, անկեղծ ասած, մինչև հիմա չի լուծվել: Դա մարդկային ռեսուրսներ գտնելն էր և այդ տաղանդներին քաղաքում պահելն էր:
Տարիների ընթացքում հասկանալով, որ թիմը մեծանում է, նոր մարդիկ ենք ներգրավվում, մեր համահիմնադիրները հանդես եկան Distrikt-ի գաղափարով և սկսեցինք մտածել` ինչպես ստեղծել այնպիսի միջավայր, որ մարդկանց մոտ չառաջանա այստեղից հեռանալու ցանկություն»,- պատմեց PR մենեջերը:
Գյումրիի արվեստագետներն ու արհեստավորները, որոնք ձեռքի աշխատանքով են զբաղվում, հետաքրքրված են գործակցելու և դուրս գալու միջազգային շուկա:
Մատչելի բնակարաններ, ստարտափ ինկուբատորներ, նաև հետաքրքիր լայֆսթայլ մարզային երիտասարդների համար, գրավիչ տարբերակներ նեթվորքինգի համար՝ այս ամենը նախագծի հեղինակների կարծիքով կօգնի, որ մասնագետները մնան քաղաքում, քանի որ հնարավորություն է առաջանում թվային քոչվորների (digital nomads), միջազգային ընկերությունների հետ շփվելու, նոր ծանոթություններ հաստատելու, աճելու և զարգանալու համար:
«Քաղաքում կան տեխնոլոգիական և ոչ տեխնոլոգիական ընկերություններ, որոնք գործընկերություն և ներդրումներ են փնտրում: Նույնիսկ Գյումրիի արվեստագետներն ու արհեստավորները, որոնք ձեռքի աշխատանքով են զբաղվում, իրենց մոտ հետաքրքրություն է առաջացել գործակցել և միջազգային շուկա դուրս գալ: Բայց, մինչև Distrikt նրանք չունեին հնարավորություններ ու հարթակ՝ նեթվորքինգի համար»,- ասաց Նարե Արշուղյանը:
Նեթվորքինգը նույնպես Distrikt-ի մի մաս դարձավ, քանի որ հասկացան, որ իրենց էկոհամակարգում կկարողանան մարդկանց առաջարկել ոչ միայն ՏՏ ոլորտում զարգացման և աճի հնարավորություններ, այլ նաև եթե որևէ մեկը ցանկություն հայտնի ապրել թաղամասում և զբաղվի արվեստով կամ հրուշակագործությամբ, ապա դա նույնպես կապահովի կայուն զարգացում տեղի բնակչության համար:
Ինչպիսին է լինելու Distrikt-ը
Distrikt նախագիծը կյանքի կոչելու համար հիմնադիրները համագործակցում են «Դիսթրիքթ վենչուրս» ընկերության հետ:
«Հիմնականում այդ վենչուրային ընկերության միջոցով ենք ստանում ֆինանսավորում ստարտափների համար: Մեր տեխնոլոգիական գործընկերը «Digital Pomegranate»-ն է, որն օգնում է ընկերություններին տեխնոլոգիական լուծումներ մշակել եւ անցնել այլ մակարդակի»,- ասում է նա:
Մենք չենք պատկերացրել, որ ստեղծելու ենք լիովին գործող քաղաք
«Տարածքի հարցով մենք դիմել ենք համայնքապետարան և նախորդ համայնքապետի օրոք ստացել ենք համաձայնություն, ունենք նաև դրական եզրակացություն նախարարություններից: Մեր կանխատեսումներով հաջորդ տարվա գարնանը մենք կարող ենք շինարարական աշխատանքները սկսել, եթե այս տարի վաճառքը կատարվի»,- ասաց Distrikt-ի PR մենեջերը:
Թաղամասի տարածքը՝ 21 հեկտար
Վայրը՝ Գյումրու նախկին 7-րդ ամրացված թաղամաս (Ուռի գունդ)՝ կենտրոնից 7 րոպե հեռավորության վրա
Կոմերցիոն տարածքը՝ 50710 քմ
Բնակելի տարածքը՝ 53141 քմ
Կանաչ տարածությունը՝ 93303 քմ
Սպորտի և ժամանցի տարածքը՝ 10846 քմ
Բնակելի տների քանակը՝ 300
Ստեղծվելիք աշխատատեղերի քանակը՝ 500-800
Տնկվելիք ծառերի քանակ՝ 10000
Նախագծի արժեքը՝ 20 մլն դոլար
«Մենք չենք պատկերացրել, որ ստեղծելու ենք լիովին գործող քաղաք: Թաղամասը չենք առանձնացնելու Գյումրիից, այլ այդտեղ լինելու են բնակարանային, զվարճանքների և ստարտափների հատված: Դա ամբողջովին կապված է լինելու Գյումրիի հետ, ինչ-որ ցանկապատված առանձին տարածք չի լինելու ընտրյալների համար: Այդ մտավախությունը կար քաղաքացիների մոտ, և քաղաքապետարանն էլ մեզ ուղղեց այդ հարցը: Իհարկե, երեխաները, նրանց ընտանիքները կարող են գալ Diskrict, շրջել, ծանոթանալ ընկերությունների հետ: Այդ առումով ոչ մի սահմանափակում չկա: Միակ «սահմանափակողները» ծառերն են լինելու, քանի որ դրանք տնկվելու են թաղամասի տարածքում»,- ասաց մեր զրուցակիցը:
Չհեռանալով չաթից. Հայկական Text’n Pay Me ստարտափը հեշտացնում է ֆինանսական փոխանցումները
Distrikt-ի նախագիծը ներառում է ստարտափերի համար շենքերի կառուցում, հիմնական քովորքինգ, արվեստի և դիզայնի ստեղծագործական կենտրոն, գրասենյակային տարածքներ, ռեստորաններ, սրճարաններ, ժամանցային հաստատություններ, ջերմոցներ և այլն:
Այս պահին, Distrikt-ում գործում է չորս ստարտափ.
1. FarmFresh
2. Seekunique
3. TriviaMatic
4. Ripple LMS
Ապագայում նախատեսվում է մի շարք նախագծեր ունենալ գյուղատնտեսության ոլորտում ֆերմերների հետ:
«Դա շատ կարևոր առանցքային հարց է մեր ամբողջ նախագծի համար: ՄԱԿ-ի կարևորագույն նպատակներից մեկը, որ կցանկանամ շեշտել՝ արժանապատիվ աշխատանք և կայուն տնտեսական աճ, հենց դրան ենք մենք հասցեագրում հիմա: Ստարտափների՝ Distrikt-ի տարածքում գործունեություն ծավալելու դեպքում, մեզ համար շատ կարևոր է, որ այդ ստարտափները համապատասխանեն ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներից գոնե մեկին»,- ասաց Նարե Արղուշյանը:
Այն ստարտափները, որոնք ցանկանում են գործունեություն ծավալել Distrikt-ի տարածքում, պետք է դիմում ներկայացնեն Distrikt Downtown-ում, որը Գյումրու կենտրոնում է: Նրանք նաև ներկայացնում են իրենց ստարտափը ներդրողներին:
«Tech week Gyumri-ի ընթացքում մենք շատ հարցեր ունեցանք մարզերի ներկայացուցիչներից, թե ինչու ենք ուզում Գյումրին առանձնացնել: Քանի որ մենք նոր սկսվող ծրագիր նախագիծ ենք, պատրաստ ենք որոշ հաջողության հասնելուց հետո, (երբ որոշ խնդիրներ լուծենք քաղաքի համար) այդ նույն ֆորմատը և փորձը արտահանենք այլ մարզեր և քաղաքներ: Բայց քանի որ մեր թիմը մեծապես հիմնված է Գյումրիում, նախագիծը քաղաքի խնդիրների լուծմանն է ուղղված և երիտասարդներին այստեղ պահելուն, այս պահին նպատակահարմար ենք գտնում մնալ ու շարունակել Գյումրիում»,-եզրափակեց Արղուշյանը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։