Tech Week Vanadzor 2025-ի շրջանակում մեկնարկեց ԴևHacks հակատոնը, որը կտևի 48 ժամ

Վերջին լուրերը
Tech Week Vanadzor 2025-ի շրջանակում մեկնարկեց ԴևHacks հակատոնը, որը կտևի 48 ժամ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վանաձորում անցկացվող Tech Week Vanadzor 2025-ի շրջանակում մեկնարկեց տարվա ամենադաժան՝ ԴևHacks հակատոնը․ այն կտևի 48 ժամ։ ԴևHacks հակատոնի բացման արարողությունը կայացավ հուլիսի 4-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Այն Հայաստանի պատմության մեջ ամենամեծ հաքաթոնն է, ունի շուրջ 200 մասնակից։ Սովորաբար հաքաթոնները 24 ժամ են տևում, բայց այս մեկը 48 ժամ է տևելու, և ահա ինչու են կազմակերպիչներն այն անվանում «ամենադաժան»։ Մրցույթի նպատակն է լավագույն թիմերի հավաքագրումը ամենահետաքրքիր տեխնոլոգիական նախագծերի շուրջ:

«Շատ տպավորիչ է տեսնել այսքան շատ երիտասարդներ՝ վառվող աչքերով, պատրաստ պայքարի։ Այն, որ գոտեպնդվել եք 48 ժամ պայքարել, շատ ոգևորիչ է։ Օգտագործեք այս շփվելու, փորձի փոխանակման, գիտելի ձեռք բերելու կարևոր հնարավորությունը»,-նշեց ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը։

«Ուրախ եմ, որ 200-ից ավելի մասնակից եկել է մասնակցելու ԴևHacks հակատոնին։ Հեշտ չի լինելու, քիչ եք քնելու, զայրանալու եք, ինչ-որ բան ձեզ մոտ չի ստացվելու, վիճելու եք։ Ցանկանում եմ, որ հաղթի ուժեղագույնը, բայց մյուսների համար էլ կարևոր փորձառություն է լինելու»,-իր խոսքում նշեց միջոցառման կազմակերպիչ Layerswap ընկերության համահիմնադիր տնօրեն Արամ Քոչարյանը։  

Հավելենք, որ երկու օր անց՝ հուլիսի 6-ին մասնակից թիմերը կցուցադրեն իրենց ստեղծած նախագծերը, իսկ ժյուրին կորոշի մրցանակային տեղեր զբաղեցրած նախագծերը։ Հաքաթոնին մասնակցում են web3/crypto, տիեզերքին առնչվող, ֆինտեխ և այլ ոլորտների նախագծեր։

Նախապես ընտրված հանձնաժողովը գնահատելու է նախագծերը հայտարարված չափանիշներով` տեխնիկական բարդություն, նախագծի ամբողջականություն, օգտագործման հարմարավետություն, կատարման իրատեսականություն։ Հանձնաժողովի անդամները կազմված կլինեն տարբեր ոլորտների մասնագետներից։

Մրցանակային ֆոնդը 15 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է։ Առաջին տեղ զբաղեցրած մասնակից թիմը կստանա 10.000 դոլարին համարժեք ՀՀ դրամ, երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած թիմերը՝ 3500 և 1500 համապատասխանաբար։

Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորը հյուրընկալում էհայկական տեխնոլոգիական համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Tech Week 2025-ը։ Tech Week-ը «հայթեք» Հայաստանի օրացույցի կարևորագույն իրադարձություններից մեկն է։ Այն երբեք Երևանում չի անցկացվել և ապագայում էլ չի անցկացվելու։ Tech Week-ի ողջ իմաստը մեր երկրի տեխնոլոգիական մայրաքաղաքը Երևանից երեք օրով տարհանելն է։ Այս տարի Վանաձորում Tech Week-ը միավորելու է ոլորտի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին,  փորձառու և սկսնակ ձեռնարկատերերին, ուսանողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են տեխնոլոգիական ոլորտով։ 

Tech Week-ի հիմնական վայրը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատն է, որտեղ կանցկացվեն կոնֆերանսներ և պանելային քննարկումներ՝ տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ։

Երեք օրերի ընթացքում կոնֆերանսի շրջանակում հանդես կգա ավելի քան 60 խոսնակ՝ ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ, տեխնոլոգիական ձեռներեցներ, ներդրողներ և ոլորտի այլ առաջատար դերակատարներ։  

Tech Week Vanadzor նախաձեռնել են TCF-ը, Zealous-ը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները