Գորիսում բացվել է ստարտափ գաղափարներին աջակցող միջազգային «Իմփաքթ Հաբ» (Impact Hub) ցանցի մասնաճյուղ՝ Սյունիքի մարզում սոցիալական ձեռներեցության զարգացման նպատակով։
«Իմփաքթ Հաբ Սյունիքը» բացվել է Ակբա ֆեդերացիայի ու Եվրամիության համատեղ ֆինանսական աջակցությամբ:
«Մեզ համար շատ կարևոր է, որ երիտասարդները չլքեն իրենց տարածքը, մնան իրենց գյուղում, շրջապատում և այդ շրջանում մնալով՝ զարգացնեն իրենց գաղափարները, ավելի ուժեղ դարձնեն իրենց համայնքը»,- նշել է Ակբա ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը:
Մասնաճյուղը ոլորտային սահմանափակումներ չունի, հարկ եղած դեպքում նոր գաղափարներ ունեցողները կարող են կապ հաստատել արդեն փորձառուների հետ, դասախոսություններ լսել ու ճիշտ կազմակերպել իրենց բիզնես ապագան:
«Իմփաքթ Հաբը» սոցիալական, նորարարական վայր և համայնք է, որն ունի առաքելություն օժանդակել սոցիալական փոփոխություն ստեղծող ծրագրերին և ձեռնարկություններին։ Այն գլոբալ ցանց է, որն աշխարհի 65 երկրում ունի 100 մասնաճյուղ և 24000 անդամ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։