«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրոպական ներդրումային բանկի միջոցով կստանա 10 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ Սյունիքի մարզում երկու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն հիմնելու նպատակով։ Այս մասին հայտնել են հիմնադրամի լրատվական ծառայությունից։
Հոկտեմբերի 25-ին Բրյուսելում ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թոմաս Օստրոսը ստորագրել են դրամաշնորհի հատկացման համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարությունը։
Այս համագործակցությունը հնարավորություն կտա Սյունիքի մարզի երեխաներին ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան արտադպրոցական կրթություն, մասնավորապես՝ Կապան և Գորիս համայնքերում կկառուցվի ոչ ֆորմալ կրթության և ուսուցիչների վերապատրաստման երկու գերժամանակակից ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն:
3-18 տարեկան ավելի քան 6,000 երեխա և երիտասարդ հնարավորություն կունենան ներգրավվել ամենատարբեր ուղղվածությամբ կրթական ծրագրերում, այդ թվում՝ օտար լեզուներ, ձեռներեցություն, ճարտարագիտություն, աթլետիկա։ Հասանելի կլինեն նաև սոցիալական և հոգեբանական անվճար ծառայություններ, միջազգային փորձագետների կողմից կանցկացվեն դասընթացներ:
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի և կարիքների վրա: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով Հայաստանում ու Արցախում՝ ավելի քան 82 համայնքներում՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ 100,000-ից ավել գյուղաբնակ շահառուների համար:
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: