Սյունիքի օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր

Վերջին լուրերը
Սյունիքի օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կապանի «Սյունիք» օդանավակայանը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից (IATA) եռանիշ կոդ է ստացել՝ YUK, ինչը նշանակում է, որ այն կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր, գրում է «Հետքը»։

Մինչ այս «Սյունիքն» արդեն ստացել էր Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO, կառույց է ՄԱԿ-ի համակարգում) քառանիշ կոդ՝ UDCK, ինչը նրան իրավունք էր տալիս սպասարկել միջազգային ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային) չվերթեր: 

«Սյունիքը» ՀՀ երրորդ օդանավակայանն է, որն ունի IATA-ի կոդ:

  • «Զվարթնոց» (Երեւան) – EVN (IATA), UDYZ (ICAO)
  • «Շիրակ» (Գյումրի) – LWN (IATA), UDSG (ICAO)
  • «Սյունիք» (Կապան) – YUK (IATA), UDCK (ICAO)
  • «Էրեբունի» (Երեւան) – UDYE (ICAO)
  • «Ստեփանավան» (Ստեփանավան/Տաշիր) – UDLS (ICAO), ներկայում չի շահագործվում

Ինչպես նշում է սկզբնաղբյուրը, չնայած ֆորմալ առումով Սյունիքի մարզկենտրոնն այսուհետ կարող է ընդունել կանոնավոր և ոչ կանոնավոր միջազգային չվերթեր, իրականությունն այն է, որ Կապանի օդանավակայանը ներկայում սպասարկում է միայն ներքին չվերթ՝ Երևան-Կապան-Երևան:

Ընդ որում՝ ներքին ուղևորափոխադրումները դեպի Կապան սկսվել են ընթացիկ տարվա օգոստոսի 21-ից: 

Թռիչքներն իրականացնում է երևանյան «ՆովԷյր» ավիաընկերությունն իր միակ՝ «L-410UVP-E20» ինքնաթիռով (ՀՀ գրանցումը՝ EK-4117), որը նախատեսված է 19 հոգու համար: 

Ժամանակին ավիատորների շրջանում քննարկվել է այն հարցը, որ Կապանը կարող է որպես միջազգային օդանավակայան ընդունել և ճանապարհել Իրանից եկող և դեպի Իրան մեկնող չվերթեր համեմատաբար փոքր ինքնաթիռների կատարմամբ, քանի որ «Սյունիք» օդանավակայանի աերոդրոմը սերտիֆիկացվել է որպես «2B» դասի աերոդրոմ, ինչը նշանակում է, որ այն կարող են օգտագործել այնպիսի օդանավեր, որոնց թևերի լայնքը 15-24 մ է, իսկ շասսիի արտաքին ակերի հեռավորությունը միմյանցից՝ 4,5-6 մ: 

Սա նշանակում է, որ «Սյունիք» օդանավակայանը չի կարող ընդունել այնպիսի խոշոր օդանավեր (օրինակ՝ «Boeing» կամ «Airbus»), որոնք վայրէջք են կատարում Երևանի «Զվարթնոցում» կամ Գյումրու «Շիրակում» (սրանք ունեն «4D» դասի աերոդրոմներ): Բայց ավելի փոքր օդանավերի հարցում այն պետք է որ խնդիր չունենա: 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները