ԵՄ-Հայաստան ավիացիայի մասին համաձայնագրով կվերացվեն թռիչքների բոլոր սահմանափակումները

Վերջին լուրերը
ԵՄ-Հայաստան ավիացիայի մասին համաձայնագրով կվերացվեն թռիչքների բոլոր սահմանափակումները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Եվրոպական միությունը և Հայաստանը ստորագրել են ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, որի հիմքում ավիացիոն անվտանգության, անվտանգային և օդային երթևեկության կառավարման ընդհանուր բարձր չափանիշներն են»,-այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն

Համաձայնագրի ստորագրմամբ ենթադրվում է, որ Հայաստանի և ԵՄ-ն սպառողների, ավիաընկերությունների և օդանավակայանների համար կստեղծվեն նոր հնարավորություններ։ Օգուտների շարքում են՝ օդային տրանսպորտի ոլորտում նոր հնարավորությունների ստեղծումը, նոր ուղիղ օդային կապերի հաստատումը և երկու կողմի տնտեսական օգուտները։ Մասնավորապես՝

  • ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթեր իրականացնել ԵՄ ցանկացած կետից դեպի Հայաստանի ցանկացած օդանավակայան և նույնը կգործի նաև հայկական ավիաընկերությունների համար։
  • Կվերացվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև թռիչքների բոլոր արգելքներն ու սահմանափակումները, իսկ բաց և արդար մրցակցության դրույթների պահանջներին համահունչ կերաշխավորվեն հավասար մրցակցային պայմաններ:
- Advertisement -
ԵՄ-Հայաստան ավիացիայի մասին համաձայնագրով կվերացվեն թռիչքների բոլոր սահմանափակումները

Համաձայնագրի միջոցով հնարավոր կլինի դյուրացնել մարդկանց միջև շփումները,  կոմերցիոն  հնարավորություններն ու ընդլայնել ԵՄ-Հայաստան առևտուրը: Այն նաև արժեքավոր գործիք է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման համար:

«Այսօր ստորագրված համաձայնագիրը թույլ կտա ԵՄ-ին և Հայաստանին ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ ավիացիոն շուկային աստիճանական ինտեգրման միջոցով: Դա մեր հարևանների հետ ավելի սերտ համագործակցության հասնելուն միտված մեր ռազմավարության առանցքային աստիճանաքարն է։ Համաձայնագիրը քաղաքացիներին կընձեռի ճամփորդությունների ավելի լայն ընտրության հնարավորություն, կստեղծվեն ավիացիոն արդյունաբերության նոր հեռանկարներ և ավելի լավ կապակցվածություն նոր երթուղիների և ուղղությունների ներգրավմամբ, որից օգուտներ կքաղեն սպառողները, զբոսաշրջության ոլորտը և մարդկանց միջև շփումները»,- նշել է Շարժունակության և տրանսպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Ադինա Վալեանն։

Միասնական ավիացիոն գոտին (ՄԱԳ/CAA) ենթադրում է ապահովել ԵՄ-ի և նրա հարևանների միջև ավիացիոն շուկայի աստիճանական ազատականացումը, այդ թվում՝ կարգավորող կոնվերգենցիան ԵՄ ավիացիոն կանոնների աստիճանական ներդրման միջոցով: Արդյունքում՝ կստեղծվեն  նոր հնարավորություններ օպերատորների համար՝ ընձեռելով ավելի լայն ընտրություն սպառողներին։ Շուկայի աստիճանական ազատականացումը և կարգավորող մարմինների մերձեցումը տեղի են ունենում զուգահեռ՝ ապահովելու արդար մրցակցությունը և ընդհանուր անվտանգության, անվտանգային, բնապահպանական և այլ բարձր ստանդարտների ներդրումը:

Համաձայնագրի դրույթներին համահունչ՝ Հայաստանը պետք է շարունակի համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությունը ԵՄ ավիացիոն կանոնակարգին և չափանիշներին, այնպիսի ոլորտներում ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, անվտանգությունը, շրջակա միջավայրը, տնտեսական կարգավորումները, մրցակցությունը, սպառողների պաշտպանությունը և սոցիալական բնագավառները:

Նմանատիպ համապարփակ օդային փոխադրումների համաձայնագրեր են ստորագրվել այլ հարևան երկրների, մասնավորապես՝ Արևմտյան Բալկանների, Մարոկկոյի, Վրաստանի, Հորդանանի, Մոլդովայի, Իսրայելի և վերջերս Ուկրաինայի հետ։ Թունիսի հետ բանակցություններ են վարվել նաև հարևանության ավիացիոն համաձայնագրի շուրջ, որը նախատեսվում է ստորագրել մոտ ապագայում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները