Փրինսթոնի համալսարանի գիտնականները ստեղծել են առաջին «անմահ ճանճը»՝ թվայնացնելով մրգային ճանճի ուղեղը: Այս մասին ասվում է ուսումնական հաստատության կայքում։
Դրոզոֆիլայի ուղեղի 14 ԳԲ մոդելը, որը հասանելի է առցանց, նոր հորիզոններ է բացում ուղեղի ուսումնասիրության և արհեստական ինտելեկտի զարգացման մեջ:
Դրա ամբողջական թվային պատկերը հասանելի է codex.flywire.ai կայքում: Սա բարդ օրգանիզմի առաջին թվայնացված ուղեղն է, որը կարելի է ոչ միայն ուսումնասիրել, այլև վերարտադրել։
Նախագիծը մեկնարկել է 2016թ. և տարիների փորձարկումներից հետո գիտնականները վերջապես հասել են բեկման. նրանք ավարտել են հասուն մրգային ճանճի (Drosophila melanogaster) կոնեկտոմի (օրգանիզմի նյարդային համակարգում կապերի կառուցվածքի ամբողջական նկարագրությունը) վերծանումը, որն իր ուղեղում ունի 139500 նեյրոն և 54,5 միլիոն սինապս: Դա հնարավոր է դարձել միջազգային թիմի, հատուկ տեխնիկայի և տարիների աշխատանքի շնորհիվ։
Թվայնացված ուղեղը թույլ է տալիս տեսնել նեյրոնները, որոնք կառավարում են ճանճի շարժումը, ինչը կարող է օգտակար լինել ռոբոտաշինության նոր ալգորիթմներ ստեղծելու համար։