2025 թվականի մարտի 6-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է պետական և մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում կրթաթոշակ տրամադրելու նոր կարգը: Այն նպատակ ունի խթանել ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումը աշխարհի հեղինակավոր բուհերում: Կրթաթոշակի տրամադրման նոր մեխանիզմը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ծրագրի շրջանակում կրթաթոշակ ստանալու համար ուսանողները պետք է ընդունված լինել այն բուհերում, որոնք ընդգրկված են աշխարհի լավագույն ակադեմիական վարկանիշավորման ցանկում (Shanghairanking.com): Բակալավրի համար՝ առաջին 65 բուհերի ցանկում ընդգրկված հաստատություններ, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար՝ առաջին 75 բուհերի ցանկում ընդգրկված հաստատություններ:
Ծրագրի շահառուներ կարող են դառնալ ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք կընդունվեն նշված բուհեր: Կրթաթոշակը տրամադրվում է պետություն-մասնավոր համագործակցության մոդելով, որի համաձայն՝ առևտրային կազմակերպությունը, որը վերջին 5 տարիներին ունեցել է առնվազն 100 աշխատող, պետք է համաֆինանսավորի կրթաթոշակը 50%-ով, իսկ պետությունը կտրամադրի մնացորդային գումարը՝ տարեկան մինչև 10 մլն դրամ: Այս նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, գործատուի և սովորողի միջև կնքվում է եռակողմ պայմանագիր:
Ծրագրի կարևոր բաղադրիչն այն է, որ ուսանողները ուսումնառությունն ավարտելուց հետո պարտավոր են առնվազն 3 տարի աշխատել իրենց գործատու կազմակերպությունում: Այս պայմանը չի պահպանվելու դեպքում գործատուն պետք է պետբյուջե փոխանցի պետության կողմից տրամադրված կրթաթոշակի կրկնապատիկը, իսկ եթե շահառուն ուսումնառությունը կիսատ թողնի կամ տեղափոխվի այլ հաստատություն՝ եռապատիկը: Պետական կրթաթոշակների ընդհանուր թիվը և դրանց առավելագույն չափը կհրապարակվեն յուրաքանչյուր տարի մայիսի 1-ին, իսկ ուսանողները կարգի շահառու դառնալու համար պետք է դիմում ներկայացնեն մինչև հոկտեմբերի 1-ը: