S&P Global Ratings-ը Հայաստանի վարկանիշի կանխատեսումը փոխել է «դրականի»

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

S&P Global Ratings-ը վերանայել է Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսումը՝ «կայունից» բարձրացնելով «դրական» մակարդակի։ Միաժամանակ պահպանվել են երկրի երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշները «BB-/B» աստիճանում՝ ինչպես արտարժույթով, այնպես էլ ազգային արժույթով։

Գործակալության գնահատմամբ՝ կանխատեսման բարելավումը պայմանավորված է տարածաշրջանում աշխարհաքաղաքական և անվտանգային միջավայրի հնարավոր կայունացմամբ, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների կարգավորման գործընթացում գրանցվող առաջընթացով։ Դրական գործոնների թվում նշվում են նաև տնտեսական աճի հեռանկարները, Կենտրոնական բանկի միջազգային պահուստների ավելացված ծավալը և ճկուն փոխարժեքային քաղաքականությունը, որոնք կարող են մեղմել արտաքին ցնցումների ազդեցությունը։

Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ թեև բանակցություններում առաջընթացը կարող է կարճաժամկետում նվազեցնել անվտանգային ռիսկերը, երկարատև և կայուն խաղաղության հեռանկարը շարունակում է կախված մնալ իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի ստորագրումից և դրա գործնական իրականացումից։

Գործակալության կանխատեսմամբ՝ Հայաստանի իրական ՀՆԱ-ն ընթացիկ տարում կաճի 5,3%-ով, իսկ 2027 թվականին՝ 4,8%-ով։ 2022–2025 թվականներին արձանագրված միջին տարեկան 7,8% աճը Հայաստանը դասել է ամենաարագ աճ գրանցած երկրների շարքում՝ S&P-ի կողմից գնահատվող 143 պետությունների շրջանակում։ Միջնաժամկետում աճի տեմպերի որոշակի դանդաղումը պայմանավորվում է ռուսական պահանջարկի վրա հիմնված վերաարտահանման ակտիվության և աշխատուժի ու կապիտալի ներհոսքի թուլացմամբ։

Ակնկալվում է, որ առաջիկայում տնտեսական ակտիվությունը հիմնականում կաջակցվի ներքին սպառմամբ և մասնավոր ներդրումներով։ Դրան կնպաստեն աշխատաշուկայի համեմատաբար կայուն վիճակը, գնաճի դանդաղումը, իրական եկամուտների աճը և բարենպաստ վարկային պայմանները, ինչպես նաև ներդրումային ակտիվությունը շինարարության ու ծառայությունների ոլորտներում։

Չնայած միջազգային պահուստների զգալի աճին՝ գործակալությունը ուշադրություն է հրավիրում վճարային հաշվեկշռի խոցելիության վրա, մասնավորապես՝ ընթացիկ հաշվի բարձր դեֆիցիտի համատեքստում։

Բյուջետային քաղաքականության առումով նշվում է, որ 2024–2025 թվականների բարձր դեֆիցիտներից հետո կառավարությունը շարժվում է աստիճանական բյուջետային համախմբման ուղղությամբ։ Կանխատեսվում է, որ 2026–2029 թվականներին բյուջետային դեֆիցիտը միջինում կկազմի ՀՆԱ-ի շուրջ 3,3%-ը։ Թեև 2025 թվականի բյուջեով նախատեսվում էր մոտ 5,5% դեֆիցիտ, փաստացի ցուցանիշը կազմել է ՀՆԱ-ի 4%-ից քիչ՝ հիմնականում կապիտալ ծախսերի թերհաշվարկի պատճառով։ 2026 թվականի բյուջեն արդեն նպատակադրում է մոտ 4,5% դեֆիցիտ՝ հիմնվելով շուրջ 5,5% տնտեսական աճի կանխատեսման վրա։

2025 թվականին Հայաստանի համախառն միջազգային պահուստները էականորեն ավելացել են՝ հասնելով ռեկորդային 5,2 միլիարդ դոլարի (ՀՆԱ-ի մոտ 18%)՝ նախորդ տարվա 3,3 միլիարդ դոլարի համեմատ։ Այս աճը պայմանավորված է եվրոպարտատոմսերի թողարկմամբ և Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի գնմամբ՝ կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում։ Ըստ գործակալության՝ նման պահուստային բուֆերը կարող է աջակցել ֆինանսական համակարգի կայունությանը՝ կապիտալի հնարավոր անկայուն հոսքերի պարագայում։

Գնաճային միջավայրում, ցածր ցուցանիշներից հետո, 2026 թվականի հունվարին գրանցվել է արագացում՝ 3,8%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,7%-ի համեմատ։ Գնաճի աճը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների թանկացմամբ, ինչպես նաև տրանսպորտի և կրթության ոլորտներում ծախսերի ավելացմամբ։ S&P-ն ակնկալում է, որ տնտեսական ակտիվության որոշակի թուլացմանը զուգընթաց գնաճը միջինում կնվազի մինչև մոտ 3,2% մակարդակ։

«Հնարավորությունների ժամանակը» հենց հիմա է.
բացահայտե՛ք նոր ներդրումային հեռանկարներ՝ գրանցվելով մարտի 3-ին կայանալիք ֆինանսական համաժողովին այստեղ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները