Մինչև 2030 թվականը աշխատանքային հմտությունների 70%-ը կենթարկվի էական փոփոխությունների, իսկ արհեստական բանականությունը կդառնա այս փոխակերպման հիմնական շարժիչ ուժը: Այս տվյալները ներկայացված են LinkedIn-ի «Work Change» զեկույցում, որը ցույց է տալիս, թե ինչպես են փոխակերպվում տարբեր ոլորտներում պահանջված հմտությունները:
Հետազոտությունում նաև ասվում է, որ այսօրվա աշխատաշուկա մուտք գործող մասնագետներն իրենց կարիերայի ընթացքում կփոխեն առնվազն երկու անգամ ավելի շատ աշխատանք, քան նրանք, ովքեր աշխատաշուկա են մտել 15 տարի առաջ:
LinkedIn-ի նոր հրապարակված «Skills on the Rise» վարկանիշային ցանկը կարևոր ուղեցույց է մասնագետների համար, ովքեր ձգտում են ունենալ հաջող կարիերա:
15 պահանջված հմտություններ, որոնք աշխատաշուկայի ապագան են
Վերլուծությունում նշվում են աշխատաշուկայում թափ հավաքող հետևյալ հմտությունները․
- AI գրագիտություն
- Կոնֆլիկտների մեղմացում
- Հարմարվողականություն
- Գործընթացների օպտիմալացում
- Նորարարական մտածողություն
- Հանրային ելույթներ
- Լուծումների վրա հիմնված վաճառք
- Հաճախորդների ներգրավում և աջակցություն
- Շահառուների կառավարում
- Լեզվական մոդելների (LLM) զարգացում և կիրառում
- Բյուջեի և ռեսուրսների կառավարում
- Go-to-Market (GTM) ռազմավարություն
- Կանոնադրական պահանջներին համապատասխանություն
- Աճի ռազմավարություն
- Ռիսկերի գնահատում
Այս ցանկն առանձնահատուկ է նրանով, որ համադրում է տեխնիկական կարողություններն ու զուտ մարդկային հմտությունները: Չնայած AI-ի և տեխնիկական հմտությունների կարևորությանը՝ մարդկային կարողությունները դեռևս անփոխարինելի են:
LinkedIn-ի տվյալների համաձայն, իրենց պրոֆիլներում AI հմտություններ ավելացնող անդամների թիվը գլոբալ մակարդակով աճել է 20 անգամ՝ 2016 թվականից ի վեր:
ԱՄՆ-ում ֆինանսական ծառայությունների ոլորտում գրանցվել է ամենազգալի աճը՝ 2016-ից ի վեր AI հմտություններով անդամների թիվն աճել է 40 անգամ: Նույնիսկ կրթության ոլորտում, որն ամենադանդաղն է եղել AI-ի ներդրման հարցում, AI հմտություններով մասնագետների թիվն աճել է 14 անգամ:
AI գրագիտությունը դառնում է կարևոր՝ անկախ աշխատանքային դերից: Քանի որ ընկերություններն առաջնահերթություն են տալիս այս պահանջված հմտություններին, AI փորձառություն զարգացնող մասնագետները ստեղծում են կարիերայի առաջխաղացման մեծ հնարավորություններ:
Ի՞նչ նշանակություն ունեն այդ հմտությունները կազմակերպությունների համար
LinkedIn-ի հետազոտության համաձայն, գեներատիվ AI կիրառող բիզնեսների 51%-ը վերջին երկու տարիների ընթացքում արձանագրել է 10% կամ ավելի եկամտի աճ:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում աշխատանքի ընդունող մենեջերների 62%-ը նշում է, որ կա անհամապատասխանություն այն հմտությունների միջև, որոնք մասնագետներն ունեն, և այն հմտությունների, որոնք ընկերություններին անհրաժեշտ են:
Մասնագետների 20%-ը մտահոգություն է հայտնում ապագայի համար անհրաժեշտ հմտություններ չունենալու վերաբերյալ, 23%-ը պլանավորում է այս տարի նոր հմտություններ սովորել, իսկ 55%-ը հայտնում է, որ պատրաստ է աշխատանքի անցնել նոր ոլորտում:
Ավանդական աշխատանքի ընդունման մոդելներից դեպի նորը
Աշխատանքի ընդունման ավանդական մոդելը, որը հիմնականում կենտրոնացած էր դիպլոմների և աշխատանքային փորձի վրա, արագորեն հնանում է: Brookings Institution-ի հետազոտության համաձայն՝ աշխատանքի ընդունման իրական մարտահրավերը նոր տեխնոլոգիաների ներդրումն է և տաղանդների ճանաչման ու համապատասխանեցման նոր մոտեցումները:
Հմտությունների վրա հիմնված աշխատանքի ընդունումը հիմնարար շրջադարձ է դեպի թեկնածուների գնահատում՝ հիմնված նրա վրա, թե ինչ կարող են անել, այլ ոչ թե որտեղ են սովորել: Այս մոտեցումը հատկապես կարևոր է արագ փոփոխվող աշխատաշուկայում, որտեղ, ինչպես նշում է Համաշխարհային տնտեսական ֆորումը, աշխատողները կարող են ակնկալել, որ իրենց գոյություն ունեցող հմտությունների 39%-ը կվերափոխվի կամ կհնանա մինչև 2030 թվականը:
Ինչպես զարգացնել պահանջված հմտություններ
Քանի որ այս հմտությունների պահանջարկն աճում է, դրանց զարգացումը դառնում է կարիերայի առաջխաղացման համար էական:
Նախ՝ կենտրոնացեք AI գրագիտության վրա։ Նույնիսկ եթե տեխնիկական դերում չեք, կարևոր է հասկանալ, թե ինչպես են աշխատում AI գործիքները և ինչպես կարող են բարձրացնել ձեր արտադրողականությունը: LinkedIn-ի տվյալները ցույց են տալիս, որ AI գրագիտությունը հաստիքի նկարագրություններում հայտնվում է վեց անգամ ավելի հաճախ, քան մեկ տարի առաջ:
Մի անտեսեք մարդկային հմտությունները։ Փափուկ հմտությունները, ինչպիսիք են հաղորդակցությունը, կոնֆլիկտների մեղմացումը և հարմարվողականությունը, շարունակում են կարևորվել աշխատավայրերում: Այս պահանջված հմտություններն են, որ ձեզ եզակի արժեք են դարձնում AI-ով հագեցած միջավայրում:
Ընդլայնեք ձեր հմտությունների շրջանակը։ LinkedIn-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2024 թվականին մասնագետներն իրենց պրոֆիլներում ավելացրել են 40%-ով ավելի լայն հմտությունների շրջանակ, քան 2018-ին: 2022-ի վերջից LinkedIn-ում նոր տիպի հմտություններ ավելացնելու տեմպն աճել է 140%-ով:
Օգտագործեք AI-ը՝ AI-ի մասին սովորելու համար։ LinkedIn-ի վերջին՝ AI-ով աշխատող ուսուցման գործիքն առաջարկում է դինամիկ եղանակ միջանձնային հմտությունները կատարելագործելու համար: Ինտերակտիվ սցենարների միջոցով այն տրամադրում է գործնական հետադարձ կապ Ձեր ուժեղ կողմերի և Ձեր այն հատկանիշների վերաբերյալ, որոնք բարելավման կարիք ունեն։
Ցույց տվեք Ձեր հմտությունների էվոլյուցիան։ Քանի որ մասնագետների 29%-ը վստահ չէ, թե ինչպես ցուցադրել իրենց հմտությունները աշխատանքի որոնման ընթացքում, կարևոր է պահել Ձեր պրոֆիլը թարմացված՝ պահանջված հմտություններով և կոնկրետ օրինակներով, թե ինչպես եք դրանք օգտագործել:
Ինչպես նշում է LinkedIn-ի գլխավոր տնտեսագետ Կարին Կիմբրոն. «Աշխատանքում շարունակական փոփոխություններին, հատկապես AI-ի բերած փոփոխություններին հաջողությամբ դիմակայելու համար կազմակերպությունները, առաջնորդները և անհատները պետք է որդեգրեն մտածելակերպ, որն ընդունում է փոփոխությունը և առաջնահերթություն է տալիս շարունակական ուսուցմանը, հմտությունների զարգացմանը և մարդակենտրոն մոտեցումներին»: