The New York Times-ի տվյալներով՝ Լիոնել Մեսսին պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի տուրիզմի գործակալություններից մեկի հետ դեռևս 2021- թվականին: Ֆուտբոլիստը կվաստակի մոտավորապես $25 մլն երկրում պարտադիր արձակուրդների և իր սոցիալական էջերում Սաուդյան Արաբիայի մասին գրառումների համար:
Արգենտինացի ֆուտբոլիստ և «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր Լիոնել Մեսսին Սաուդյան Արաբիայի տուրիզմի գործակալության հետ համագործակցության շրջանակներում երեք տարվա ընթացքում կվաստակի $25 մլն: Դրա համար նա պետք է իր սոցցանցերում հրապարակի 10 գրառում, մի քանի անգամ արձակուրդի մեկնի Սաուդյան Արաբիա և մասնակցի զբոսաշրջային արշավի ամեն տարի, հայտնում է NYT-ը:
NYT-ն ընդգծել է, որ վստահ չէ, որ դա պայմանագրի վերջնական տարբերակն է: Սակայն ֆուտբոլիստի վերջին բոլոր գործողությունները համապատասխանում են այդ պայմանագրի կետերին:
2021 թվականին կնքած պայմանագրի համաձայն՝ Մեսսին ստանում է գրեթե $2 մլն Սաուդյան Արաբիայում անցկացրած մեկ հնգօրյա կամ երկու եռօրյա ամենամյա արձակուրդների համար: Մեսսիի և նրա ընտանիքի ու ընկերների 20 անդամների համար ծախսերը հոգում է երկրի կառավարությունը:
Մայիսին ֆուտբոլիստն առանց «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի թույլտվության մեկնել էր Ալ-Ռիադ: Դրանից հետո նրան հեռացրել էին մարզումներից մինչ այն պահը, երբ խաղացողը հրապարակավ ներողություն էր խնդրել:
Եվս $2 մլն ֆուտբոլիստը վաստակելու է իր սոցցանցերում երկրի մասին 10 գրառում կատարելու համար: Այդ թվի մեջ չեն մտնում արձակուրդի մասին գովազդային գրառումները: Վերջիններս պետք է պարունակեն հեշթեգներ, որոնք կհաստատի Սաուդյան Արաբիան:
Առավել վաղ Լիոնել Մեսսին հայտարարել էր ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» լքելու և ամերիկյան «Ինտեր Մայամիին» միանալու մասին: Մեսսին նաև պայմանագրեր է կնքել Apple-ի և Adidas-ի հետ:
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: