Արցախում գործող «Ես» կրթական հիմնադրամը reArmenia հարթակում մեկնարկել է «Տեխնոպարկ Արցախում» դրամահավաքային արշավը։
30-ից ավելի աջակիցների մասնակցությամբ հիմնադրված հիմնադրամը՝ կրթական ծրագրի գործունեության 1,5 տարվա ընթացքում ունեցել է 100-ից ավելի մասնակից Հաղորտիից ու հարակից Մուշկապատ, Բերդաշեն և Խնուշինակ գյուղերից։
Մինիտեխնոպարկի նպատակը տեղի երիտասարդներին հնարավորություն տալն է ստանալ համապարփակ ՏՏ կրթություն և հմտանալ ոլորտում՝ աշխատելով հենց իրենց գյուղերից:
Ծրագիրն իրականացվում է 3 փուլով՝ «Բացահայտում», «Հմտացում», «Սկսենք»։
«Բացահայտում» փուլը բացահայտում է ուսանողների ընդունակությունները, ծանոթացնում է ՏՏ ոլորտի հիմնական մասնագիտություններին և անհրաժեշտ հմտություններ է փոխանցում հաջորդ փուլերի համար։
«Հմտացում» փուլի ուսանողները հմտանում են ռոբոտաշինության, ծրագրավորման, թվային դիզայնի և մարքեթինգի ուղղություններով՝ դառնալով սկսնակ մասնագետներ։
«Սկսենք» փուլում երկորդ փուլի բարձր առաջադիմությամբ ուսանողները հնարավորություն են ստանում՝ ստեղծելու իրենց սեփական ընկերությունները հիմնադրամի տնօրենի անմիջական առաջնորդության ներքո։
«ԵՍ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտների կողմից ստեղծված «StartSystems»-ն առաջին հաջողված օրինակն է։
Տեխնոպարկ չունենալու դեպքում այս տարի առաջին փուլը ավարտող ավելի քան 30 ուսանող չի կարողանա մասնակցել երկրորդ փուլին։
Նախագծի նախահաշվին կարող եք ծանոթանալ այստեղ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։