2024 թվականի դեկտեմբերի 10-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը բենզինի իրացման ոլորտում հակամրցակցային համաձայնության համար տուգանքներ է կիրառել հետևյալ ընկերությունների նկատմամբ՝ «Սի Փի Էս Էներջի Գրուպ» (392,484,000 ՀՀ դրամ), «Ֆլեշ» (324,110,000 ՀՀ դրամ), «Մեգա Թրեյդ» (206,223,000 ՀՀ դրամ), ինչպես նաև ««Մաքս Օիլ» ու «Կամօյլ» ընկերություններ» խմբի նկատմամբ (155,546,000 ՀՀ դրամ)»։
Վարույթի շրջանակներում արձանագրվել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ընկերությունները գները փոփոխել են նույնանման՝ անկախ այն հանգամանքից, որ նրանց ծախսերը միմյանցից էականորեն տարբերվել են։
Ընկերությունների անուղղակի հակամրցակցային համաձայնության վարքագիծն առավել վառ դրսևորվել է 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր և 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Նրանք միաժամանակ՝ նույն օրը կամ մինչև երկու օրվա տարբերությամբ, բարձրացրել և իջեցրել են ԱԻ-92 տեսակի բենզինի մանրածախ իրացման գներն այն դեպքում, երբ նրանց ծախսերը միմյանցից տարբերվել են։ Ավելին, եղել են դեպքեր, երբ ընկերությունների ինքնարժեքի իջեցումը զուգակցվել է իրացման գնի բարձրացմամբ և հակառակը։