Reddit համայնքի երկու անդամ հայտնել են, որ իրենց սմարթֆոնները վերարտադրում են iPhone-ի այլ սեփականատերերի խոսակցություններ, և այս պահին ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ է դա նշանակում։ Այս մասին գրում է PhoneArena -ն։
Խնդրի մասին առաջին հիշատակումը հայտնվել է մի քանի օր առաջ, երբ Reddit-ի օգտատերերից մեկը գրել է, որ իր iPhone 16-ն օգտագործելիս լսել է մի մարդու խոսակցություն, ով մեքենա է վարում և ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսում։ Օգտատերը ստուգել է իր iPhone-ը և համոզվել, որ հեռախոսում ոչ մի հավելված բացված չէ և չի գործում այդ պահին։ Ըստ աղբյուրի՝ նման միջադեպ կրկնվել է երկու օր անց․ այս անգամ լսվել է ինչ-որ մեկի հեռախոսազրույցն՝ անպարկեշտ խոսքերով:
Այսպիսի խնդրի մասին հաղորդել է IPhone-ի ևս մեկ օգտատեր։ Ըստ նրա՝ լսել է անծանոթի և նրա գործընկերների հեռախոսազրույցը։ Այս օգտատերը նույնպես ստուգել է իր սմարթֆոնը և տեսել, որ խնդիրը հավելվածներից չէ։
Առայժմ հայտնի չէ, թե ինչն է այս երևույթի պատճառը: Շատ հավանական է, որ սխալը գաղտնիության հետ է կապված և Apple-ը տեղյակ է դրանից: Ըստ աղբյուրի՝ այս մասին ընկերության կողմից պաշտոնական հայտարարություն կարող է հայտնվել, եթե ավելի շատ օգտատերեր հաղորդեն նման խնդիրների մասին: