Պենտագոնը և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը (Director of National Intelligence) հրապարակել են ՉԹՕ-ների հայտնաբերման տարեկան զեկույցը։ Չնայած նրանք չեն գտել այլմոլորակայինի ծագման մասին հստակ ապացույց, սակայն ավելի քան 700 նոր զեկույցներից, որոնք ստացվել են անցյալ տարի, կան մոտ երկու տասնյակը, որոնք իսկապես հետաքրքրում են նրանց: Այս մասին գրում է ABCnews.go.com-ը։
ՉԹՕ-ն (Չբացահայտված թռչող օբյեկտ) այն տերմինն է, որն օգտագործում է Պենտագոնը և գիտական հանրությունը նկարագրելու չբացահայտված երևույթները: Գործակալությունը, որն ուսումնասիրում է զինվորական անձնակազմի և լրացուցիչ դաշնային գործակալությունների կողմից հաղորդումները, All-Domain Anomaly Resolution Office-ն է (AARO)։
Ըստ այս տարվա զեկույցի՝ AARO-ն «այլմոլորակային էակների, գործունեության կամ տեխնոլոգիայի մասին որևէ ապացույց չի հայտնաբերել»: Այս տարվա զեկույցների մի փոքր մասը ունեին երկրային բացատրություններ, իսկ զգալի մասը կմնա հետագա վերանայման համար, սակայն որոշ զեկույցներ վերագրվում են «բեկումնային» տեխնոլոգիաների, և մամուլի ճեպազրույցի ժամանակ AARO-ի ղեկավարը խոստովանել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում կա 21 զեկույց, որոնց մասով նրանք դեռ հստակ բացատրություն չունեն։
«Հետաքրքիր դեպքեր կան, որոնք ես՝ իմ ֆիզիկայի և ինժեներական գիտելիքներով, չեմ հասկանում և չգիտեմ որևէ մեկին, ով կհասկանա դա», – ասել է AARO-ի նոր տնօրեն դոկտոր Յոն Կոսլոսկին՝ հավելելով, որ այդ 21 միջադեպերը տեղի են ունեցել ազգային անվտանգության շենքերին մոտ։ Դրանք ունեցել են բազմաթիվ ականատեսներ, ֆիքսվել են տեսագրության և այլ սենսորների միջոցով: Մասնագետը չի բացառում նաև, որ դրանք կարող են անօդաչու թռչող սարքեր լինել, որոնք մարդիկ շփոթում են ՉԹՕ-ների հետ:
Նշենք, որ 2023 թվականի մայիսից մինչև 2024 թվականի հունիսը AARO-ն ստացել է 757 նոր հաղորդում անոմալ օբյեկտների մասին, որոնցից 485-ը տեղի են ունեցել այդ ժամանակահատվածում, իսկ ևս 272 զեկույց՝ 2021 և 2022 թվականներից, որոնք նախկինում չեն ուղարկվել գործակալությանը։
Ընդհանուր առմամբ, AARO-ի կողմից իր հիմնադրումից ի վեր անհայտ թռչող օբյեկտների մասին 1,652 դեպք է ուսումնասիրվել։