ChatGPT-ի ստեղծող OpenAI ընկերությունը պատրաստվում է իրականացնել մի շարք կարևոր փոփոխություններ իր կառուցվածքում և կառավարման մոդելում: Ըստ Reuters-ի հաղորդած տեղեկությունների, ընկերությունը ծրագրում է վերակազմավորվել որպես շահույթ հետապնդող կազմակերպություն, որը այլևս չի վերահսկվի իր ոչ առևտրային խորհրդի կողմից:
Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ընկերության հիմնական բիզնեսը կվերածվի շահույթ հետապնդող կազմակերպության, մինչդեռ ոչ առևտրային OpenAI-ը կշարունակի գործել՝ ունենալով փոքր բաժնեմաս նորաստեղծ կառույցում։ Առավել ուշագրավ է այն, որ գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանը, որը մինչ օրս բաժնետեր չէր, առաջին անգամ կստանա բաժնետոմսեր։
Վերակազմավորումից հետո ընկերության արժեքը կարող է հասնել 150 միլիարդ դոլարի, սակայն վերջնական պայմանավորվածություններն այս պահին քննարկման փուլում են իրավաբանների և բաժնետերերի հետ։ Թե երբ կավարտվեն այս փոփոխությունները, դեռևս հստակեցված չէ։
Այս վերափոխումը կարող է ազդեցություն ունենալ ընկերության՝ արհեստական բանականության հետ կապված ռիսկերն ու խնդիրները կառավարելու մոտեցման վրա, սակայն ընկերության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ OpenAI-ն կշարունակի կենտրոնանալ բոլորի համար օգտակար արհեստական բանականության մշակման վրա։