Տարածված կարծիք կա, որ տեխնոլոգիական հսկաների թոփ-մենեջերների աշխատավարձերը միլիոններ են կազմում, սակայն, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանն, ըստ իր հարկային հայտարարագրի, 2022 թվականին վաստակել է ընդամենը 76,000 դոլար, հայտնում է techspot.com-ը։ Սա հավասար է Կալիֆորնիայում փորձառու փականագործների և էլեկտրիկների աշխատավարձերին, ովքեր տարեկան վաստակում են ավելի քան 75,000 դոլար։
Ըստ Bloomberg-ի կողմից ստացված հարկային հայտարարագրերի՝ OpenAI-ի գործադիր տնօրենի աշխատավարձն աճել է 3,4%-ով՝ 2022-ին 73,546 դոլարից մինչև 76,001 դոլար՝ 2023-ին։ Սա զգալիորեն զիջում է OpenAI-ի համահիմնադիր Իլյա Սուցկվերի աշխատավարձից, ով ամենաշատն է վաստակել ընկերությունում՝ տարեկան 322,201 դոլար: Նույնքան վաստակել է OpenAI ֆինանսական տնօրեն Քրիս Քլարկը:
Հատկանշական է, որ Էմմեթ Շիրը, ով անցած նոյեմբերին մոտ 72 ժամ աշխատել է որպես OpenAI-ի գործադիր տնօրեն (երբ Ալթմանը պաշտոնանկ արվեց), այդ ժամանակահատվածում ստացել է 3720 դոլար: Հարկ է նաև նշել, որ հարկային հայտարարագրերում նշված չէ որևէ բոնուս կամ փոխհատուցում ակցիաների և օպցիոնների տեսքով, որոնք սովորաբար ստանում են խոշոր ընկերությունների ղեկավարները:
Ալթմանը նախկինում հայտնել է իր համեստ աշխատավարձի չափը։ 2023 թվականի մայիսին Սենատի ենթահանձնաժողովի նիստում նա հայտարարեց, որ OpenAI-ում բաժնետոմսեր չի ստացել։ Սեպտեմբերին OpenAI-ի տնօրենների խորհուրդը քննարկել է Ալթմանին բաժնետոմսեր տրամադրելու հարցը՝ OpenAI-ը շահույթ չհետապնդող կազմակերպությունից շահույթ հետապնդող կազմակերպության վերածելու որոշումից հետո:
Ավելի ուշ Ալթմանը ասել է աշխատակիցներին, որ չի պատրաստվում «մեծ փաթեթով բաժնետոմս» ստանալ ընկերությունում: Ըստ լուրերի՝ Ալթմանը կարող է ստանալ OpenAI-ի 7% բաժնետոմս՝ ավելացնելով իր կարողությունը ավելի քան 10 միլիարդ դոլարով։ Սակայն, հավանաբար նա շահագրգռված չէ նման ծավալի բաժնետոմսեր ստանալ, քանի որ դա կարող է բացասաբար ազդել նրա անվան վրա, հատկապես, երբ առանց OpenAI-ի մասնաբաժնի էլ նրա անձնական կարողությունը գնահատվում է ավելի քան 2 միլիարդ դոլար:
Միայն Reddit-ում Ալթմանի մասնաբաժինը գնահատվում է ավելի քան 1 միլիարդ դոլար, իսկ, ընդհանուր առմամաբ, Ալթմանի կարողությունը ներառում է 1,2 միլիարդ դոլարի ներդրումներ տարբեր վենչուրային ֆոնդերում և ընկերություններում։
Այսպիսով՝ հարկ է նշել, որ ոչ բոլոր թոփ-մենեջերներն են այդքան տարված իրենց ֆինանսական բարեկեցությունն ապահովելով: Դեռևս 1900-ականների սկզբին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Միացյալ Նահանգներում առաջ եկավ մի հայեցակարգ, երբ ոլորտի տարբեր առաջնորդներ իրենց ծառայություններն էին առաջարկում կառավարությանը մեկ դոլարի դիմաց: Հետո այդպիսի աշխատողների թիվը հասավ հազարի։
1 դոլար աշխատավարձ ստացող հայտնի մարդկանց վերջին օրինակներից է Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, ինչպես նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, ով 2016 թվականի նոյեմբերին խոստացել էր ստանալ տարեկան ընդամենը մեկ դոլար և, կատարելով իր նախընտրական խոստումը, իր աշխատավարձը նվիրաբերեց տարբեր դաշնային գերատեսչություններին: