OpenAI-ը կարող է մուտք գործել սոցիալական մեդիայի շուկա։ ChatGPT-ի մշակողները աշխատում են մի նախագծի վրա, որը որոշ առումներով կարող է նման լինել X սոցիալական ցանցին: Ասվում է, որ հիմնական նպատակը եզակի տվյալների վրա արհեստական բանականություն մարզելու հնարավորությունն է, ինչպես արդեն անում են Meta և X հարթակները, գրում է The Verge-ը։
Նախագիծը դեռևս սկզբնական փուլում է, բայց The Verge-ը հաղորդում է, որ ընկերությունն արդեն ստեղծել է նախատիպ ներքին կարգով՝ հրապարակումների ժապավենով, որտեղ օգտատերերը կարող են տեղադրել ChatGPT-ի կողմից ստեղծված պատկերներ։ OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը կոչ է արել արտաքին մասնագետներին քննարկել այս գաղափարը, սակայն դեռևս պարզ չէ՝ հավելվածը կլինի առանձին, թե կդառնա ChatGPT-ի մաս։
Սոցիալական ցանցի գործարկումը կարող է սրել Ալթմանի և Իլոն Մասկի միջև կոնֆլիկտը։ Հիշեցնենք, որ փետրվարին Մասկը առաջարկեց գնել OpenAI-ը 97.4 միլիարդ դոլարով, ինչին Ալթմանը պատասխանեց. «Ոչ, շնորհակալություն, բայց մենք, մեր հերթին, կարող ենք գնել Twitter-ը 9.74 միլիարդ դոլարով»։
Միևնույն ժամանակ, վերլուծաբանները կարծում են, որ OpenAI-ը ռիսկի է դիմում ուղղակի մրցակցության մեջ մտնել Meta-ի հետ, որը, ըստ լուրերի, մշակում է առանձին հավելված՝ AI օգնականով և սոցիալական լրահոսով։ Ավելի վաղ, երբ հայտնվեցին Meta հավելվածի մասին առաջին հաղորդագրությունները, Ալթմանը X-ում գրառում էր հրապարակել, որում չի բացառում սեփական սոցիալական ցանցի ստեղծումը։
Կարդացե՛ք նաև.