Դեռևս 2023-ի ապրիլին ներդրողները OpenAI ստարտափը գնահատում էին 27-29 մլրդ դոլար, գրում է TechCrunch-ը, իսկ այսօր OpenAI-ը բանակցություններ է վարում 100 մլրդ դոլար կամ ավելի բարձր գնահատականով նոր շրջափուլ մտնելու համար, գրում է Bloomberg-ը:
Եթե փուլը տեղի ունենա 100 մլրդ դոլար կամ ավել արժեքով, ChatGPT-ի ստեղծողը կդառնա ամերիկյան երկրորդ ամենաթանկ ստարտափը՝ SpaceX-ից հետո, որը գնահատվում է 150 մլրդ դոլար:
Պոտենցիալ ներդրողների հետ բանակցությունները դեռ վաղ փուլում են։ Պայմաններն ու ժամկետները, ըստ աղբյուրի, վերջնական չեն և կարող են փոխվել։
Ըստ Bloomberg-ի՝ OpenAI-ի և Thrive Capital-ի կողմից կազմակերպված տենդերային առաջարկը կավարտվի հունվարի սկզբին, որի շրջանակներում ընկերության աշխատակիցները կարող են վաճառել իրենց՝ 86 միլիարդ դոլար գնահատվող բաժնետոմսերը: Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ներդրողների կողմից պահանջարկն արդեն գերազանցել է առաջարկը: OpenAI-ը հրաժարվել է մեկնաբանել:
Այժմ OpenAI-ի խոշորագույն ներդրողներից մեկը Microsoft-ն է, որը, ըստ Bloomberg-ի, 13 մլրդ դոլար է ներդրել ընկերությունում։ Նոյեմբերին ընկերությունը ստարտափի նորացված տնօրենների խորհրդում ստացավ «չքվեարկող դիտորդի» տեղ այն բանից հետո, երբ խորհուրդը սկզբում աշխատանքից ազատեց, այնուհետև պաշտոնում հետ վերականգնեց համահիմնադիր և գործադիր տնօրեն Սեմ Ալթմանին։
Բացի այդ, ընկերությունը ԱՄԷ-ի G42 տեխնոլոգիական հոլդինգի հետ քննարկումներ է ունեցել 8-ից 10 միլիարդ դոլարի չափով միջոցներ ներգրավելու մասին։ Այդ միջոցները կօգտագործվեն չիպերի արտադրության նոր ձեռնարկություն ստեղծելու համար։
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: