ԱՄՆ արդարադատության նախարարությունը ցանկանում է պարտադրել Google-ին վաճառել իր Chrome բրաուզերը։ OpenAI ընկերությունը հետաքրքրված է Chrome բրաուզերի գնմամբ։
Ըստ Bloomberg և Reuters գործակալությունների՝ ChatGPT-ի արտադրանքի ղեկավար Նիկ Թերլին այդ մասին հայտնել է Վաշինգտոնի դաշնային դատարանում ընթացող լսումների ընթացքում։
Թերլին նշել է, որ դեռևս 2024 թվականին OpenAI-ը փորձել է պայմանավորվել Google-ի հետ՝ ընկերության որոնողական տեխնոլոգիաներին հասանելիություն ունենալու համար։ Սակայն վերջինս մերժել է առաջարկը։ Այժմ ChatGPT-ն գործում է Microsoft Bing-ի որոնողական համակարգի հիման վրա։
Թերլին նաև ընդգծել է, որ աջակցում է ԱՄՆ արդարադատության նախարարության պահանջին՝ պարտադրել Google-ին իր որոնողական տվյալները կիսել մրցակիցների հետ։ Ըստ նրա՝ դա կխթաներ ChatGPT-ի զարգացմանը։ OpenAI-ը շարունակում է զարգացնել սեփական որոնողական համակարգը, սակայն, ըստ Թերլիի, անհրաժեշտ են տարիներ, որպեսզի այն կարողանա ինքնուրույն մշակել օգտատերերի հարցումների 80 տոկոսը։
Bloomberg-ը նշում է, որ եթե դատարանը պարտադրի Google-ին վաճառել Chrome-ը, դա կդառնա առաջին դեպքը, երբ ամերիկյան մի խոշոր տեխնոլոգիական ընկերություն ստիպված կլինի բաժանվել իր ակտիվներից՝ սկսած 1980-ականների AT&T-ի բաժանումից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը 2020 թվականին Google-ի դեմ ներկայացրել է հակամենաշնորհային հայց՝ մեղադրելով ընկերությանը իր որոնողական համակարգը սմարթֆոններում լռելյայն դարձնելու նպատակով միլիարդավոր դոլարներ վճարելու մեջ։ 2024 թվականին դատարանը ճանաչել է Google-ին որոնողական շուկայում մենաշնորհ ունեցող ընկերություն։
2025 թվականի ապրիլի 21-ին սկսվել են երեքշաբաթյա դատական լսումներ այս գործի շուրջ։ Արդարադատության նախարարությունը պահանջել է սահմանափակել Google-ի ազդեցությունը որոնողական համակարգերի շուկայում և պարտադրել ընկերությանը վաճառել Chrome բրաուզերը։
OpenAI-ն հետաքրքրված է Chrome-ի գնման հնարավորությամբ
