OpenAI ընկերությունը հայտարարեց, որ ներգրավել է 40 միլիարդ դոլարի ներդրում, ինչը մասնավոր տեխնոլոգիական ոլորտի ամենախոշոր ֆինանսավորումն է, գրում է cnbc.com-ը։
Այս ներդրումների արդյունքում ChatGPT-ի ստեղծող OpenAI-ի շուկայական արժեքը հասել է 300 միլիարդ դոլարի, ինչն այն դարձնում է աշխարհի ամենաբարձր գնահատված մասնավոր ընկերություններից մեկը։
Ֆինանսավորման փուլը գլխավորել է SoftBank-ը, որը ներդրել է 30 միլիարդ դոլար, իսկ մյուս ներդրողներն են Microsoft-ը, Coatue-ը, Altimeter-ը և Thrive-ը։
Ըստ ընկերության, նոր կապիտալը կուղղվի արհեստական բանականության հետագա զարգացմանը և հաշվարկային ենթակառուցվածքների ընդլայնմանը։ Մասնավորապես, 18 միլիարդ դոլարը նախատեսվում է ներդնել Stargate նախագծում, որը համատեղ ձեռնարկություն է SoftBank-ի, OpenAI-ի և Oracle-ի միջև։
OpenAI-ը ներկայումս ունի 500 միլիոն շաբաթական ակտիվ օգտատեր, և ընկերությունը կանխատեսում է, որ մինչև տարվա վերջ իր եկամուտները կեռապատկվեն՝ հասնելով 12.7 միլիարդ դոլարի։
Ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը հայտարարել է, որ ChatGPT-ի օգտատերերի թիվն ավելանում է անհավանական արագությամբ՝ նշելով, որ ընդամենը մեկ ժամում OpenAI-ը ձեռք է բերել 1 միլիոն նոր օգտատեր։
Այս ներդրումը գալիս է այն ժամանակ, երբ արհեստական բանականության ոլորտի շուկան սպասում է 1 տրիլիոն դոլար հասույթի՝ առաջիկա տասնամյակում, և տեխնոլոգիական հսկաները՝ Google-ը, Amazon-ը, Anthropic-ը և Perplexity-ն, մրցակցում են AI-ի առաջատար դիրքի համար։