OpenAI-ի ChatGPT բջջային հավելվածը, որը գործարկվել է 2023 թվականի մայիսին, մինչ այժմ բերել է մոտ 2 միլիարդ դոլար եկամուտ։ Միջինում հավելվածը յուրաքանչյուր ներբեռնումից ապահովում է 2,91 դոլար։ Հիմնական աճը գրանցվել է 2025 թվականին․ տարվա առաջին յոթ ամիսներին եկամուտը կազմել է 1,35 մլրդ դոլար, ինչը 673 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Սա ChatGPT-ին դարձնում է արհեստական բանականության ամենաեկամտաբեր մոբայլ հավելվածը։ Այս ցուցանիշը մոտ 30 անգամ գերազանցում է Claude, Copilot և Grok հավելվածների համախառն եկամուտը։
Appfigures վերլուծական ընկերության տվյալները ցույց են տալիս, որ ChatGPT-ն ցուցաբերում է աննախադեպ մոնետիզացիա․ հավելվածի միջին ամսական եկամուտը հասնում է 193 մլն դոլարի։ Համեմատության համար՝ ամենամոտ մրցակից Grok-ը ապահովում է ընդամենը 3,6 միլիոն դոլար ամսական, այսինքն՝ ChatGPT-ի ցուցանիշի ընդամենը 1,9 տոկոսը։ Նույն պատկերը կա նաև մեկ ներբեռնումից եկամտի դեպքում․ ChatGPT-ի մոտ այն 2,91 դոլար է, Grok-ի մոտ՝ 0,75 դոլար, իսկ Copilot-ի մոտ՝ 0,28 դոլար։
Առաջատար շուկաները ԱՄՆ-ն են՝ 38 տոկոսով և Գերմանիան՝ 5,3 տոկոսով։ Միևնույն ժամանակ, ամենաշատ ներբեռնումները գրանցվել են Հնդկաստանում՝ ընդհանուրի 13,7 տոկոսը։ Ընդհանուր ներբեռնումների թիվը կազմում է 690 միլիոնի, համեմատության համար՝ Grok-ի ներբեռնումները 39,5 միլիոն են։

Միայն 2025 թվականին ChatGPT-ն ներբեռնվել է 318 մլն անգամ, ինչը 2,8 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Միջին ամսական ներբեռնումների թիվը աճել է 180 տոկոսով՝ հասնելով 45 միլիոնի։ Grok-ը սկզբնական շրջանում էականորեն հետ էր մնում մոբայլ հատվածում․ այն մինչև 2025 թվականի հունվար առանձին հավելված չէր ունեցել iOS-ի համար, իսկ Android տարբերակը հայտնվել էր միայն մարտին։
Վերլուծաբանները ընդգծում են, որ հրապարակված տվյալները վերաբերում են միայն բջջային հավելվածի եկամուտներին և չեն ներառում ChatGPT-ի վեբ-բաժանորդագրությունների ու API-ի վաճառքների եկամուտները։