OpenAI-ն այսօր՝ օգոստոսի 7-ին, նախատեսում է պաշտոնապես ներկայացնել GPT-5 լեզվային մոդելը, որը, ըստ փորձագետների, զգալի առաջխաղացում է ներկայացնում մաթեմատիկական, կոդավորման և տրամաբանական խնդիրների լուծման հարցում։ Սպասվում է, որ մոդելը կմատուցվի մի քանի տարբերակներով՝ ներառյալ ավելի թեթև և հարմարեցված տարբերակներ։
OpenAI-ն իր կայքում հրապարակել է “LIVE5TREAM” խորագրով միջոցառման անոնս, որը վկայում է, որ GPT-5-ի ներկայացումը սպասվում է հենց այսօր։ Հայաստանում ուղիղ հեռարձակումը կարելի է դիտել օգոստոսի 7-ին, ժամը 21:00-ից սկսած։
Ըստ հրապարակված տվյալների, GPT-5-ը կունենա չորս տարբերակ՝ հիմնական, mini, nano և GPT-5 chat։ Դրանք տարբերվելու են հնարավորություններով ու կիրառման ոլորտներով։
Թեստավորողների նախնական արձագանքների համաձայն՝ մոդելն առավել ճշգրիտ է դարձել հատկապես բարդ խնդիրների լուծման ժամանակ, նաև զարգացել են reasoning (տրամաբանական վերլուծության) և agentic (ինքնուրույն գործողություններ) ունակությունները։
Նոր մոդելը մշակվել է «test-time compute» սկզբունքով, որի շնորհիվ այն կարող է բարձր հաշվարկային հզորություն օգտագործել կոնկրետ բարդ խնդրի ժամանակ՝ առանց լրացուցիչ վերապատրաստման։
Microsoft-ի աջակցությամբ OpenAI-ն շարունակաբար ընդլայնում է իր տեխնոլոգիական ներուժը՝ միաժամանակ բարձրացնելով ընկերության ընդհանուր արժեքը մինչև 300 միլիարդ դոլար։ Շուկայում շրջանառվում է նաև տեղեկություն այն մասին, որ հնարավոր է ընկերությունը վաճառքի հանի մինչև 500 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսեր։
Թեև նոր մոդելը չի դիտվում որպես հեղափոխական թռիչք GPT-4-ի համեմատությամբ, այնուամենայնիվ առաջարկում է զգալի կատարելագործումներ՝ մասնավորապես մասնագիտական ոլորտներում։ Ակնկալվում է, որ մոդելը կդառնա կարևոր գործիք բիզնեսի, կրթության և տեխնոլոգիական ինդուստրիայի առաջխաղացման գործում։