Պրինստոնի համալսարանի շրջանավարտ, 22-ամյա Էդվարդ Տիանը ստեղծել է հավելված, որը հայտնաբերում է ChatGPT-ով գեներացված տեքստերը:
«Համացանցում մեծ աղմուկ է այս չաթի շուրջ: Ո՞ր տեքստերն են գրված արհեստական բանականությամբ: Մարդիկ արժանի են իմանալու ճշմարտությունը»,-գրել է Տիանը թվիթերում:
Հավելվածը, որի ստեղծելու վրա Տիանը աշխատել է ձմեռային արձակուրդի ժամանակ, կոչվում է GPTZero: Այն ուսումնասիրում է տեքստերը երկու պարամետրերով՝ «perplexity» և «burstiness»:
Առաջինը ցույց է տալիս տեքստի առանձին հատվածների բարդությունը, ու եթե GPTZero-ն չի հասկանում տեքստը, ուրեմն այն բարդ է, ու, ամենայն հավանականությամբ, գրված է մարդու կողմից: Եվ հակառակը, եթե տեքստը թեթև է ու հասկանալի, ապա մեծ հավանականությամբ այն գեներացված է նեյրոցանցի կողմից:
Երկրորդ պարամետրը հաշվի է առնում տեքստի երկարությունը. մարդիկ սովորաբար տարբեր երկարության նախադասություններ են օգտագործում, մեկ երկար, մեկ կարճ: Իսկ արհեստական բանականության գեներացրած նախադասությունները սովորաբար համեմատաբար նույն երկարության են:
Հեղինակը խոստովանում է, որ համակարգը դեռ կատարյալ չէ և երբեմն կարող է սխալներ թույլ տալ: Տիանը աշխատում է այն կատարելագործելու ուղղությամբ: GPTZero-ն կարելի է փորձարկել այստեղ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։