Ամերիկյան Near Space Labs ստարտափը, որի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրենը հայազգի Ռեմա Մաթևոսյանն է, վերջերս ներգրավել է 20 միլիոն դոլարի ներդրում՝ իր բարձր ճշգրտությամբ լուսանկարող Swift սարքերը ստրատոսֆերա բարձրացնելու համար։
Near Space Labs-ի մշակած Swift կոչվող անօդաչու սարքերը բարձրանում են հելիումով լցված փուչիկների միջոցով և օգտագործում են օդային հոսանքները՝ ստրատոսֆերայում տեղաշարժվելու և բարձր լուծաչափով լուսանկարներ անելու համար։ Այս սարքերը հետագայում սահում են դեպի Երկիր՝ առանց հատուկ շարժիչների կամ լիցենզիաների անհրաժեշտության:
Ռեմա Մաթևոսյանի խոսքով՝ մեկ Swift հարթակը կարող է մի քանի ժամում կատարել այն աշխատանքը, որը կպահանջվեր օրական 800,000 անօդաչու թռչող սարքի համար։
Ներդրումների B փուլը գլխավորել է Bold Capital Partners-ը, իսկ ներդրողների թվում են նաև USAA, Climate Capital, Gaingels, RiverPark Ventures և այլ վենչուրային ֆոնդեր։ Ընդհանուր առմամբ, Near Space Labs-ը ներգրավել է ավելի քան 40 մլն դոլար, գրում է TechCrunch-ը։
Ներկայումս ընկերության հիմնական հաճախորդները ԱՄՆ-ի ապահովագրական ընկերություններն են, որոնք օգտագործում են ստացված պատկերները՝ բնական աղետների հետևանքները գնահատելու համար։ Ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը՝ ընդգրկելով նոր տարածքներ և ոլորտներ։
Ստարտափը Ռեմա Մաթևոսյանի (գլխավոր տնօրեն), Իգնասի Լլուչի (տեխնիկական տնօրեն) և Ալբերտ Կոբեի (գլխավոր ինժեներ) գաղափարի արդյունքն է։ Երեքն էլ ընկերությունը հիմնադրելուց առաջ աշխատել են տիեզերական և ֆիզիկայի տեխնոլոգիաների և հետազոտությունների ոլորտում։
Ռեմա Մաթևոսյանը ծնվել և մեծացել է Երևանում՝ ֆիզիկոսների, ծրագրավորողների և աստղագետների ընտանիքում։ Նա մաթեմատիկա է ուսանել Երևանում, ապա տեղափոխվել է Մոսկվա՝ Սկոլկովոյի ինստիտուտում մագիստրատուրա սովորելու, որտեղ հանդիպել է իր ապագա գործընկերներին՝ Իգնասի Լյուչին և Ալբերտ Կաուբետին։ Նրանց համագործակցությունը սկսվել է Նյու Յորքում՝ Urban-X աքսելերատորում, որտեղից էլ սկիզբ է առել Near Space Labs-ը։
Կարդացե՛ք նաև.