ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը և Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում առաջադրված Վիվեկ Ռամասվամին կգլխավորեն ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE)։ Այս մասին գրում է Foxnews-ը։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ մեծն Իլոն Մասկը` ամերիկացի հայրենասեր Վիվեկ Ռամասվամիի հետ համատեղ կղեկավարի Կառավարության արդյունավետության վարչությունը»,- նշել է Թրամփը Truth Social-ի իր էջում արած հրապարակման մեջ։
Դրանում նաև ասվում է, որ «այս 2 մեծ ամերիկացիները» կաշխատեն ապահովելու, որ նոր նախագահական վարչակազմը «ազատվի բյուրոկրատիայից, նվազեցնի ավելորդ կարգավորումները, կրճատի անիմաստ ծախսերը և վերակառուցի դաշնային գործակալությունները»:
Նշվում է, որ նոր գերատեսչությունն իր խորհրդատվական գործառույթները կիրականացնի կառավարությունից դուրս և կհամագործակցի Սպիտակ տան, ինչպես նաև բյուջեի կառավարման վարչության հետ՝ լայնամասշտաբ կառուցվածքային բարեփոխումների և կառավարության համար առավել ձեռնարկատիրական մոտեցում ստեղծելու համար։ Մասկը և Ռամասվամին այս աշխատանքը կիրականացնեն մինչեւ 2026 թվականի հուլիսը։