2022 թվականին Իլոն Մասկը միայնակ չի գնել Twitter սոցիալական ցանցը (հետագայում վերանվանվել է X): Թեև գործարքի 44 միլիարդ դոլարը՝ գումարի հիմնական մասը, գործարարը վճարել է սեփական միջոցներով, նա նաև օգտվել է բանկային վարկերից և բազմաթիվ ներդրողների ներդրումներից, որոնց ամբողջական ցուցակը հայտնի է դարձել ոչ վաղ անցյալում, իսկ այժմ հայտնի է դարձել նաև, որ ներդրողներն այս գործարքի արդյունքում անհավանական կորուստներ են գրանցել:
Fidelity ընկերությունը, որը Twitter-ի արտաքին ներդրողներից մեկն է, իր հիմնադրամներից մեկում X-ի բաժնեմասը գնահատում է 70%-ով ավելի ցածր՝ գնման պահի համեմատ: Washington Post-ի տվյալներով, Fidelity-ին պատկանող X-ի բաժնետոմսերի փաթեթը էժանացել է մոտ 72%-ով՝ համեմատած Մասկի կողմից սոցցանցի գնման պահի վիճակի հետ: Արդյունքում ընկերության բաժնեմասը նվազել է 316 միլիոն դոլարից մինչև 88 միլիոն դոլար:
Washington Post-ի տվյալներով, ութ խոշորագույն ներդրողները, որոնք մասնակցել են Մասկի կողմից Twitter սոցցանցի գնման գործարքին, մինչ այժմ ընդհանուր առմամբ կորցրել են մոտ 5 միլիարդ դոլար: Եթե հաշվի առնենք Իլոն Մասկի ներդրումները գործընկերների հետ միասին, ապա կորցրած միջոցների գումարը հասնում է 24 միլիարդ դոլարի: Ներդրողների և Իլոն Մասկի պաշտոնական ներկայացուցիչները ձեռնպահ են մնում այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններից:
Սաուդյան արքայազն Ալվալիդ բին Թալալը (Alwaleed bin Talal), ով ներդրել էր Twitter-ի բաժնետոմսերում մոտ 2 միլիարդ դոլար՝ իրեն և սաուդյան հոլդինգային ընկերությանը պատկանող միջոցներից, գործարքի պահին գրել էր, որ հավատում է Մասկի՝ հարթակի գերազանց ղեկավար դառնալու հավանականությանը: Երկու տարի անց Ալվալիդն ասում է, որ դեռևս գոհ է ներդրումից, սակայն մյուսների համար գործարքն էականորեն պակաս գրավիչ է թվում:
Այս գործարքում խոշոր ներդրողներից մեկը Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին էր, ով կորցրել է մոտ 720 միլիոն դոլար և դժգոհություն է հայտնել այդ կապակցությամբ: Անցյալ տարի նա նաև հայտարարել էր, որ Մասկը ընդհանրապես չպետք է գներ Twitter-ը:
Կարդացեք նաև՝
- Ինչո՞ւ են ETF-ներն ավելի նախընտրելի շուկայական անկայունության պայմաններում
- Telegram-ի ֆինանսական ապագան հարցականի տակ է Դուրովի նկատմամբ քրեական հետաքննություն սկսելուց հետո
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: